Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2024 թվականի երրորդ եռամսյակ)

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 175-Ն

15.10.2024

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2024 թվականի երրորդ եռամսյակ)

           Հրապարակման ամսաթիվ՝ 22.10.2024

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 53-րդ հոդվածով, 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 1.75%-ի չափով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է (պարտադիր է կատարման) 2025 թվականի մայիսի 1-ից։

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                           Հովհաննես Խաչատրյան
Երևան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլիկ շեմի (2024թ. երրորդ եռամսյակ)

 2024 թվականի հոկտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 1.75%-ի չափով[1]։

Հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափը ուժի մեջ է 2025 թվականի մայիսի 1-ից։

Կապիտալի հակացիկլիկ շեմի (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)) վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրո-ֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝

  1. Ֆինանսական ցիկլի ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ աճել է, ինչն ուղեկցվել է վարկային շուկայի որոշ ոլորտներում գրանցված բարձր աճի տեմպերով։ Ընթացիկ ժամանակահատվածում վարկեր/ՀՆԱ ցուցանիշը[2] աճել է՝ կազմելով 68%: Վերջինիս շեղումը իր երկարաժամկետ մակարդակից (վարկեր/ՀՆԱ ճեղքվածք) նույնպես կրճատվել է՝ դեռևս պահպանվելով բացասական տիրույթում (մոտ -6.5 տոկոսային կետ):
  2. Տարվա ընթացքում վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպերը շարունակել են պահպանվել բարձր մակարդակում։ Վարկային պորտֆելի աճին մեծապես նպաստել են տնային տնտեսություններին և շինարարության ոլորտին տրամադրված վարկերի բարձր աճերը։ Դեռևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակում գրանցված սպառողական վարկերի բարձր աճի տեմպերը պահպանվել են։ Հիպոտեկային վարկերի տարեկան աճի տեմպերը, չնայած որոշակի նվազմանը, շարունակում են պահպանվել բարձր մակարդակում։ Ընդ որում, նոր հիպոտեկային վարկերի տրամադրման ծավալները համադրելի են եղել նախորդ տարիների ծավալային բարձր ցուցանիշների հետ։
  3. Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Հիպոտեկային վարկերի հարաբերականորեն կայուն աճի պայմաններում շինարարության ոլորտին տրամադրված վարկերի առաջանցիկ աճի միտումները պահպանվել են։ Վերջինս կարող է ազդակներ պարունակել շինարարության ճյուղի պարտքային բեռի աճի, անշարժ գույքի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերի և դրանցից ածանցվող վարկային կորուստների հնարավոր աճի վերաբերյալ։
  4. Համաձայն իրականացված մակրո սթրես թեստավորման գնահատականների, ֆինանսական ցիկլի ընթացիկ փուլում ենթադրյալ շոկի արդյունքում առաջացող անսպասելի կորուստների կլանման համար անհրաժեշտ հավելյալ կապիտալի մեծությունը գնահատվում է ռիսկով կշռված ակտիվների մոտ 1.79%-ի չափով։
  5. Ներկայումս բանկային համակարգը բնութագրվում է շահութաբերության և կապիտալի համարժեքության բարձր մակարդակով։ Արդյունքում, բանկային համակարգի կողմից ԿՀԲ դրույքաչափի առաջարկվող բարձրացման պահանջներին համապատասխանության ծախքերը ցածր են, և կապիտալիզացիայի ներկա մակարդակը ավելի քան բավարար է տնտեսության վարկավորման բնականոն տեմպերի պահպանման համար։

 Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում բարձրացնել ԿՀԲ դրույքաչափը՝ սահմանելով այն 1.75%: ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից։

 

[1] Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով

[2] Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։