Վարկային գործառնության և կրեդիտի դիմաց վճարման հատուկ կարգ սահմանելու, ինչպես նաև վարկային կոդերի կառուցվածքը սահմանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 238-Ն

20.12.2016

Վարկային գործառնության և կրեդիտի դիմաց վճարման հատուկ կարգ սահմանելու, ինչպես նաև վարկային կոդերի կառուցվածքը սահմանելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 01.02.2017

Նպատակ ունենալով բարձրացնել բանկերում և վարկային կազմակերպություններում վարկի մարումների գործընթացի արդյունավետությունը, այդ թվում՝ ամբողջ վճարահաշվարկային համակարգի համար յուրաքանչյուր վարկային պրոդուկտի ճանաչման և նույնականացման համակարգի ներդրման միջոցով, ինչպես նաև դրա միջոցով նախադրյալներ ստեղծել առցանց և իրական ժամանակում (real time) հեռահար սպասարկման համակարգերով համապատասխան ծառայությունների մատուցման համար (այդ թվում՝ իրական ժամանակում բանկային ծառայությունների մատուցման համար (online banking)),
հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգի ներդրման վերջնական փուլում հնարավորություն կընձեռվի հաճախորդներին իրական ժամանակում (real time) առցանց գործարքների իրականացման համար և ընդունելով համակարգի վերջնական ներդրման կապակցությամբ բանկերի (վարկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների) համար առաջացող խնդիրները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարևորում է նշված համակարգի ներդրումը փուլային եղանակով, հետևյալ հաջորդականությամբ.
- Որպես առաջին փուլ ՀՀ տարածքում բոլոր վարկերը կկոդավորվեն սույն որոշմամբ սահմանվող կառուցվածքին համապատասխան և հնարավորություն կընձեռվի վարկերի ուղղակի մարումների իրականացման համար (առանց ընթացիկ կամ հաճախորդի այլ բանկային հաշիվներին մուտքագրման).
- Որպես երկրորդ փուլ, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ կապահովվի վճարահաշվարկային համակարգի ներսում իրական ռեժիմում կրեդիտային պարտավորությունների չափի (պարտքի) ստացումը և իրական ռեժիմում գործարքի իրականացումը (մարումը).
- Առաջին և երկրորդ փուլերի ներդրումից հետո հնարավորություն կստեղծվի համապատասխան կոդերի միջոցով յուրաքանչյուր առանձին վճարման (վճարողի) նույնականացման համար:

Ելնելով նաև վարկային պարտավորությունների կատարման հեշտացման անհրաժեշտությունից և ընդունելով ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից մարման գործընթացի շուրջ ներկայացված սպառողների բազմաթիվ ազդակները,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, 43-րդ հոդվածի 1.1 մասը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Վարկային գործառնության և կրեդիտի դիմաց վճարման հատուկ կարգը, ինչպես նաև վարկային կոդերի կառուցվածքը»՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 30-ից:
3. Սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ՀՀ տարածքում գործող բանկերը և վարկային կազմակերպությունները պատվիրված նամակով կամ այլ եղանակով վարկային կոդերի վերաբերյալ տեղեկությունները ծանուցման միջոցով հայտնում են մինչ սույն որոշման ուժի մեջ մտնելը կնքված (այդ թվում՝ երկարաձգված) և գործող կրեդիտային պայմանագրի կողմ հաճախորդներին:
4. Սույն որոշման 3-րդ կետով սահմանված վարկային կոդերի վերաբերյալ ծանուցումները բանկերը կամ վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են ուղարկել և կիրառել մինչ սույն որոշման 3-րդ կետով սահմանված մեկ տարի ժամկետը:
5. Սահմանել, որ սույն որոշման նկարագրական մասում երկրորդ փուլի շրջանակում նկարագրված ենթակառուցվածքները ստեղծվում են մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը՝ բանկային (վարկային, վճարահաշվարկային) համակարգի ներքո իրական ռեժիմում կրեդիտային պարտավորությունների չափի (պարտքի) ստացումը և իրական ռեժիմում կրեդիտային պարտավորության վճարման (մարման) գործարքների իրականացումն (ավարտը) ապահովելու համար, որից հետո ՀՀ տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները և վճարահաշվարկային կազմակերպությունները ապահովում են անդամակցումը սույն կետի հիման վրա ստեղծվող ենթակառուցվածքին:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                            Արթուր Ջավադյան

2016 թ. դեկտեմբերի 22
Երևան