ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության միացման պայմանագիրը հաստատելու և գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 229 Ա

15.12.2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության միացման պայմանագիրը հաստատելու և գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 190-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի միացման կարգի» 7-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2-ի պահանջը՝ բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի՝ 2017 թ. հունվարի մեկից 30 մլրդ ՀՀ դրամ սահմանումը և այն հանգամանքը, որ բանկերի միացումները, այդ թվում՝ վերոհիշյալ որոշմամբ նկարագրված միացումը ուղղված է այդ պահանջի կատարմանը և դրա անհապաղ կատարումը կենսական նշանակություն ունի ՀՀ ֆինանսական համակարգի համար,
ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 60 արձանագրություն)՝ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի միջնորդագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել և գրանցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Արթուր Ջավադյան

2016 թ. դեկտեմբերի 20
Երևան