Ա/Ձ Արթուր Հովսեփյան գրավատան թիվ ԳԳ-Ե 214 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու (լիցենզիայի գործողությունը դադարեցնելու) մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 203 Ա

22.11.2016

Ա/Ձ Արթուր Հովսեփյան գրավատան թիվ ԳԳ-Ե 214 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու (լիցենզիայի գործողությունը դադարեցնելու) մասին

Նկարագրական մաս.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2016 թվականի ապրիլի 21-ից 22 ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել և 2016 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 158/01 արձանագրությամբ արձանագրվել են Ա/Ձ Արթուր Հովսեփյան գրավատան (այսուհետ՝ Գրավատուն) կողմից թույլ տրված հետևյալ խախտումները.

1. Գրավատան և վարկառուների միջև կնքված 100.000 դրամը գերազանցող և 10 մլն. դրամը չգերազանցող մի շարք վարկային պայմանագրերում բացակայում են կրեդիտի տեսակի, կրեդիտի գումարի տրամադրման ձևի, եղանակի, տարեկան փաստացի տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ նշումներ (օրինակ՝ 4938, 5203, 5227 վարկային պայմանագրեր):
Նկարագրված փաստերը հանգեցնում են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2009 թվականի հուլիսի 28-ի 229-Ն որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/05-ի 11-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված պահանջների խախտմանը:
2. Ստուգման ընթացքում հայտնաբերվել են երկու գրանցամատյաններ, որոնցից միայն մեկի տվյալներն էին արտացոլված Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում: Արդյունքում, Գրավատան կողմից Կենտրոնական բանկ ներկայացված որոշ հաշվետվություններում արտացոլվել են կեղծ տվյալներ (օրինակ՝ Կենտրոնական բանկ ներկայացված 2016 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների Ձև թիվ 2 հաշվետվություններ): 2016 թվականի ապրիլի 21-ին Գրավատանը առկա էին վարկային պայմանագրեր (օրինակ՝ թիվ 4964, 5020, 5076, 5035, 4962, 4967, 4971 և այլ պայմանագրեր), որոնց գծով մարումները (մուտք, ելք) չէին արտացոլվել ո´չ Կենտրոնական բանկ ներկայացվող Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվություններում, ո´չ դրամարկղի գրքում:
Նկարագրված փաստերը հանգեցնում են «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջների խախտմանը:
3. Գրավատան կողմից 31.12.2015թ. Կենտրոնական բանկ ներկայացված ձև թիվ 2 եռամսյակային հաշվետվության առաջին էջի 15-րդ տողում լրացվել էր 0, սակայն Գրավատանը առկա էին պայմանագրեր, որոնց գրավի առարկաները ենթակա էին իրացման, մինչդեռ չէին արտացոլվել 15-րդ տողում (օրինակ` 4909,4999):
Նկարագրված փաստը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգ»-ի 8-րդ կետով սահմանված պահանջների խախտմանը:

Պատճառաբանական մաս.
Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության 07.10.2016թ.-ի թիվ 13-22/002146-16 ծանուցմամբ Գրավատանն ուղարկվել է վերը նկարագրված խախտումների վերաբերյալ 06.10.2016թ.-ի թիվ 158/01 արձանագրությունը:
Գրավատունը 12.10.2016թ.-ին ստացել է թույլ տրված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունը, ինչպես նաև տեղեկացել է 26.10.2016թ.-ին Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստում իր կողմից թույլ տրված խախտումների քննարկմանը մասնակցելու իրավունքի մասին, առաջարկվել է 7-օրյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություններ:
Գրավատունը 17.10.2016թ. գրությամբ հայտնել է, որ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները կատարվել են Գրավատան հաշվապահի անփորձության և նրա կողմից օրենքի չիմացության պատճառով: Հայտնաբերված խախտումներն արդեն վերացվել են: Մասնավորապես, Գրավատան պայմանագրերը համապատասխանեցվել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի և «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի պահանջներին: Հայտնաբերված չգրանցված պայմանագրերը գրանցվել են և վերացվել են բոլոր խախտումները: Ուղարկվել են 2016թ.-ի մարտ ամսվա ձև թիվ 1 և 2016թ.-ի 1-ին եռամսյակի ձև թիվ 2 ճշգրտված հաշվետվությունները և կատարվել են օրենքի նկատմամբ բոլոր պարտավորությունները: Գրավատունը խնդրել է կատարված խախտումների նկատմամբ չկիրառել «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և Գրավատանը տալ հնարավորություն գործունեությունը շարունակելու համար:

Կենտրոնական բանկի դիրքորոշումը.
Գրավատունը 17.10.2016թ.-ի գրությամբ ընդունել է սույն որոշման նկարագրական մասի 2-րդ կետով նկարագրված խախտման առկայությունը՝ հայտնելով, որ չգրանցված պայմանագրերը գրանցվել են, ինչպես նաև նախկինում ներկայացված կեղծ որակված հաշվետվությունների ճշգրտված տարբերակներն արդեն իսկ ներկայացվել են Կենտրոնական բանկ: Միևնույն ժամանակ Գրավատան կողմից Կենտրոնական բանկ ներկայացված վերոնշյալ գրությամբ փորձ է արվել որպես խախտումների պատճառ ներկայացնել «հաշվապահի անփորձությունը, օրենքի չիմացությունը»՝ այդպիսով խուսափելով լիցենզիայի գործունեության դադարեցման տեսքով պատասխանատվության միջոցից: Մինչդեռ անփորձությամբ կամ օրենքի չիմացությամբ հնարավոր չէ հիմնավորել երկու գրանցամատյանների առկայությունը կամ նույն օրը կնքված մեկ պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում արտացոլելը, իսկ մեկ այլ պայմանագրի վերաբերյալ՝ ոչ: Գրավատան վարքագիծը, մասնավորապես՝ հաշվետվություններում որոշ պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը չարտացոլելը, նշված վարկերի գծով մարումները դրամարկղ չմուտքագրելը, ինչպես նաև պայմանագրերի հաշվառման նպատակով երկու մատյանների առկայությունը, ինքնին, վկայում է այն մասին, որ Գրավատան վարքագծում առկա է դիտավորություն:
Ելնելով սույն վարույթի շրջանակներում հաստատված փաստերից, հաշվի առնելով թույլ տրված խախտման վտանգավորությունը և դրա անբարենպաստ հետևանքները՝ Կենտրոնական բանկը գտնում է, որ սույն դեպքում Գրավատան նկատմամբ կիրառելի է Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պատասխանատվության միջոցը՝ լիցենզիայի գործողության դադարեցումը:
Կենտրոնական բանկը սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումների համար պատասխանատվության միջոց կիրառելիս հիմք է ընդունել` «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի «դ» կետը, որի համաձայն՝ «Սույն օրենքի խախտման դեպքերում լիազոր մարմինը կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները՝
դ) լիցենզիայի գործողության դադարեցում:»:
Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որի համաձայն՝ «Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝
ա) եթե գրավատունը սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվություններում ներկայացրել է կեղծ տվյալներ.»:
Կենտրոնական բանկը սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումները թույլ տալու համար պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առել Կենտրոնական բանկի խորհրդի 30.03.2010թ. թիվ 56Ա որոշումը, որով ուժը կորցրած է ճանաչվել (լիցենզիայի գործողությունը դադարեցվել է) «Գ.Է.Տ-ԳԱԳՈ» ՍՊԸ գրավատան լիցենզիան: Այդ որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը ձևավորել է մոտեցում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ ուժը կորցրած է ճանաչվում գրավատան լիցենզիայի գործողությունը, ապա գրավատան կողմից թույլ տրված գրավատնային գործունեությունը կարգավորող այլ ակտերի պահանջների խախտումների համար պատասխանատվության միջոցներ (օրինակ՝ նախազգուշացման, տուգանքի տեսքով) չեն կիրառվում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման նկարագրական մասի 2-րդ կետով նկարագրված խախտումը կարող է վտանգել հանրային, մասնավորապես՝ ֆինանսական համակարգում սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև Գրավատան վարքագիծը կարող է խաթարել ֆինանսական կայունությունը ու համակարգային նշանակություն ունենալ, Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ պատասխանատվության միջոցի կիրառումը պետք է հանդիսանա անհապաղ կատարման ենթակա գործողություն:

Եզրափակիչ մաս.
Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 50 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.7-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել (դադարեցնել) Կենտրոնական բանկի խորհրդի 03.08.2010թ. թիվ 187 Ա որոշմամբ Ա/Ձ Արթուր Հովսեփյան գրավատանը տրամադրված թիվ ԳԳ-Ե214 լիցենզիայի գործողությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Գրավատան հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրավատուն մուտքագրվելու կամ Գրավատան` սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից և ենթակա է անհապաղ կատարման:
4. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի կատարումը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                               Արթուր Ջավադյան

2016 թ. նոյեմբերի 22
Երևան