Ա/Ձ Արթուր Բոգոմազով փոխանակման կետի լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 183 Ա

27.10.2016

Ա/Ձ Արթուր Բոգոմազով փոխանակման կետի լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի վճռով Ա/Ձ Արթուր Բոգոմազովը (այսուհետ՝ նաև Փոխանակման կետ) ճանաչվել է սնանկ: Փոխանակման կետը՝ սկսած 2013 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից Փոխանակման կետին տրամադրված թիվ 518 լիցենզիայով գործունեություն չի իրականացրել:
Համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի, Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչում փոխանակման կետին տրամադրած արտարժույթի առուվաճառքի լիցենզիան, եթե արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ունեցող անձը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ և եթե Փոխանակման կետը Կենտրոնական բանկ ներկայացրած աշխատանքային գրաֆիկի համաձայն մեկ տարվա ընթացքում գործունեություն չի իրականացրել:
Հաշվի առնելով, որ սնանկության գործընթացում Փոխանակման կետի կողմից հնարավոր է գործունեություն վերսկսման վտանգ, որն իր հերթին կարող է վտանգել հանրային, մասնավորապես՝ ֆինանսական համակարգում սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, և որ Փոխանակման կետի հնարավոր վարքագիծը կարող է խաթարել ֆինանսական կայունությունն ու համակարգային նշանակություն ունենալ, Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ սույն վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 50 արձանագրություն)՝ Կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 3-ի թիվ 57 Ա և 2004 թվականի հունիսի 1-ի թիվ 139 Ա որոշումներով Ա/Ձ Արթուր Բոգոմազովին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 518 և 518-1 լիցենզիաները՝ պարտավորեցնելով Փոխանակման կետին ապահովելու լիցենզիաների վերադարձը Կենտրոնական բանկ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
4. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի կատարումը:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ             Արթուր Ջավադյան

2016 թ. հոկտեմբերի 27
Երևան