Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 402-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 137-Ն

30.08.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 402-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 22.09.2016

Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի անվճարունակության հիմքերը, հիմք ընդունելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի ««Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները» կանոնակարգ 7-ը և «Անվճարունակ բանկի և վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» հաստատելու մասին» թիվ 402-Ն որոշմամբ հաստատված «Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները» կանոնակարգ 7-ում (այսուհետև՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգի երկրորդ գլխի վերնագրում «հիմքերը,» բառերից հետո լրացնել «բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականի չափը,» բառերը,
2) Կանոնակարգը լրացնել 3.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1 Բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը (ՔԱՄԵԼՍ) 2 (երկու) միավորից ցածր լինելու դեպքում բանկը ճանաչվում է անվճարունակ՝ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով սահմանված անվճարունակության հիմքով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Արթուր Ջավադյան

2016 թ. օգոստոսի 31
Երևան