«Ֆինանսական Շտապօգնություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 134 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու (ուժը կորցրած ճանաչելու) մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 62 Ա

26.04.2016

«Ֆինանսական Շտապօգնություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 134 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու (ուժը կորցրած ճանաչելու) մասին

Նկարագրական մաս
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ֆինանսական վերահսկողության վարչության կողմից հայտնաբերվել և 12.03.2016թ.-ի թիվ 87/1 արձանագրությամբ արձանագրվել են «Ֆինանսական Շտապօգնություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատան (այսուհետ՝ Գրավատուն) կողմից թույլ տրված հետևյալ խախտումները.
• 12.03.2016թ.-ի դրությամբ Գրավատան կողմից Կենտրոնական բանկ չի ներկայացվել 2015 թվականի 4-րդ եռամսյակի Ձև թիվ 2 եռամսյակային հաշվետվությունը, որը պետք է ներկայացվեր մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը (31.01.2016թ.-ը):
• 12.03.2016թ.-ի դրությամբ Գրավատան կողմից Կենտրոնական բանկ չի ներկայացվել 2015 թվականի դեկտեմբեր ամսվա Ձև թիվ 1 ամսական հաշվետվությունը, որը պետք է ներկայացվեր մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը (25.01.2016թ.-ը):
Նկարագրված փաստերը հանգեցնում են «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) և բ) կետերով սահմանված պահանջների խախտմանը:

Պատճառաբանական մաս.
Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 14.03.2016թ. թիվ 13-22/000556-15 ծանուցմամբ Գրավատանն ուղարկվել է խախտումների` 12.03.2016թ.-ին կազմված թիվ 87/1 արձանագրությունը:
06.01.2016թ.-ին Կենտրոնական բանկի վարչական շենքում տեղի են ունեցել 12.03.2016թ.-ի թիվ 87/1 արձանագրությամբ արձանագրված խախտումների լսումներ, որին Գրավատան ներկայացուցիչները չեն մասնակցել (լսումների արդյունքներն արձանագրվել են 06.04.2016թ.-ի թիվ 14 արձանագրությամբ):
Սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումները թույլ տալու համար պատասխանատվության միջոց կիրառելիս Կենտրոնական բանկը հիմք է ընդունել` «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի «դ» կետը, որի համաձայն` «Սույն օրենքի խախտման դեպքերում լիազոր մարմինը կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները՝
դ) լիցենզիայի գործողության դադարեցում»:
Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը, որի համաձայն՝ «1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել ՝
դ) եթե գրավատունը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.»:
Կենտրոնական բանկը սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումները թույլ տալու համար պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ Կենտրոնական բանկի նախագահի 22.02.2016թ.-ի թիվ 1/90Ա որոշմամբ Գրավատան լիցենզիայի գործողությունը կասեցվել է (կասեցման համար հիմք հանդիսացող խախտումը կրում է շարունական բնույթ և սույն որոշման կայացման դրությամբ դեռևս վերացված չէ), և կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը թույլ տալուց հետո մեկ տարվա ընթացքում Գրավատան կողմից թույլ է տրվել լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացող նոր խախտում (12.03.2016թ.-ի թիվ 87/1 արձանագրությամբ արձանագրված խախտումների համար լիցենզիայի գործողության կասեցում է նախատեսված Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետով):
Սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումները կարող են վտանգել հանրային, մասնավորապես՝ ֆինանսական համակարգում սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, Գրավատան վարքագիծը կարող է խաթարել ֆինանսական կայունությունն ու համակարգային նշանակություն ունենալ, ուստի պատասխանատվության միջոցը պետք է կատարվի անհապաղ:

Եզրափակիչ մաս.
Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 14 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 397-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել (դադարեցնել) «Ֆինանսական Շտապօգնություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե134 լիցենզիայի գործողությունը:
2. Հանձնարարել Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ «Ֆինանսական Շտապօգնություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում (www.cba.am) հրապարակվելու օրվանից:
4. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան
2016 թ. ապրիլի 26
Երևան