Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 16-ի թիվ 422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 37-Ն
04.03.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 16-ի թիվ 422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.04.2016
Նպատակ ունենալով հստակեցնել Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության լրացման կարգը,
հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 16-ի «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման և ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման կարգը» հաստատելու մասին թիվ 422-Ն որոշմամբ հաստատված «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման և ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կարգի 2.1 կետի «ա» ենթակետում, 2.2 և 3.1 կետերում` բոլոր «տեղեկանք» բառերը իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հաշվետվություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
2) Կարգի 2.1 կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Հիմնադրամի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և այլ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:»,
3) Կարգը լրացնել նոր 2.8, 2.8.1, 2.8.2 և 2.8.3 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«2.8 Հիմնադրամը սույն կարգի 2.1 կետի «ա» ենթակետով սահմանված Հիմնադրամի միջոցների վերաբերյալ հաշվետվությունը լրացնելիս տվյալները ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
2.8.1 Հաշվետվության աղյուսակների`
1) «Եկամտաբերությունը (%)» սյունակում ներկայացվում է միջին կշռված եկամտաբերությունը,
2) «Ժամկետայնությունը (օր)» սյունակում ներկայացվում է միջին կշռված ժամկետայնությունը,
3) «Կշիռը (%)» սյունակում ներկայացվում է իրականացված ներդրումների կշիռը:
2.8.2 Հաշվետվության 2-րդ, 2.1-րդ և 2.2-րդ Աղյուսակներում ներկայացվում են Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելու նպատակով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված իրացվելի պայուսակին առնչվող տեղեկությունները:
Հաշվետվության 3-րդ, 3.1-րդ և 3.2-րդ Աղյուսակներում ներկայացվում են Հիմնադրամի միջոցների, բացառությամբ` Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների, կառավարման նպատակով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ներդրումային պայուսակին առնչվող տեղեկությունները:
Հաշվետվության 2-րդ, 2.1-րդ, 2.2-րդ, 3-րդ, 3.1-րդ և 3.2-րդ Աղյուսակների 2-րդ և 3-րդ տողերը և ենթատողերը լրացվում են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան ուղենիշների սահմանված լինելու դեպքում:
2.8.3 Հաշվետվության Աղյուսակ 4-ում.
1) «Վարկանիշ (առկայության դեպքում)» սյունակում լրացվում է այն կազմակերպության վարկանիշը, որի ֆինանսական գործիքներում Հիմնադրամը ներդրում է կատարել,
2) «Ժամկետ» (առկայության դեպքում) սյունակում լրացվում է վարկանիշի տրման ամսաթիվը,
3) «Վարկանիշ շնորհած կազմակերպություն» (առկայության դեպքում) սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որը վարկանիշ է շնորհել Հիմնադրամի կողմից ներդրում իրականացրած կազմակերպությանը:»:
4) Կարգի 3.4.1. կետը ուժը կորցրած ճանաչել:
5) Կարգի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մարտի 11
Երևան