«Գարանտ-Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 285 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու (լիցենզիայի գործողությունը դադարեցնելու) մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 28 Ա
01.03.2016
«Գարանտ-Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 285 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու (լիցենզիայի գործողությունը դադարեցնելու) մասին
Նկարագրական մաս
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից հայտնաբերվել և 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 215/02 արձանագրությամբ արձանագրվել է «Գարանտ-Կրեդիտ» ՍՊԸ գրավատան (այսուհետ՝ Գրավատուն) կողմից թույլ տրված հետևյալ խախտումը.
20.12.2015թ-ի դրությամբ Գրավատան կողմից ՀՀ կենտրոնական բանկ չի ներկայացվել 3-րդ եռամսյակի Ձև Թիվ 2 հաշվետվությունը, մինչդեռ այն պետք է ներկայացվեր մինչև 31.10.2015թ-ը:
Նշված փաստը հանգեցնում է «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1 մասի ժա) կետով սահմանված պահանջի խախտմանը:
Պատճառաբանական մաս
Արձանագրված խախտումների վերաբերյալ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 23.12.2015թ. թիվ 13-22/002684-15 ծանուցմամբ Գրավատանը ուղարկվել է խախտման` 22.12.2015թ. կազմված թիվ 215/02 արձանագրությունը:
Ծանուցմամբ Գրավատունը տեղեկացվել է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստին Գրավատան կողմից խախտման հարցի քննարկմանը մասնակցելու իրավունքի մասին, առաջարկվել է ներկայացնել բացատրություններ, որին ի պատասխան Գրավատունն իր՝ 29.12.2015թ. թիվ 89 գրությամբ հայտնել է հետևյալը.
«Գարանտ-Կրեդիտ» ՍՊ ընկերությունը 10.10.2015թ-ի ամսաթվով կազմել և Կենտրոնական բանկ է ներկայացրել «Տեղաբաշխված վարկերի և այլ ակտիվների, սեփական և ներգրավված միջոցների և այլ պարտավորությունների, ինչպես նաև գրավի առարկաների վերաբերյալ» 2015 թվականի երրորդ եռամսյակի Ձև թիվ 2 եռամսյակային հաշվետվությունը, որին ի հավաստումն` նույն գրությանը կից ներկայացրել է Կենտրոնական բանկի էլեկտրոնային կայքի «հաշվետվությունների պատմություն» էջի պատճենը:
Կենտրոնական բանկը չի ընդունում վերոնշյալ բացատրությունը, քանի որ 2015 թվականի երրորդ եռամսյակի Ձև թիվ 2 եռամսյակային հաշվետվությունն, այնուամենայնիվ, սահմանված ժամկետում և ձևով (ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով) չի ներկայացվել Կենտրոնական բանկ:
Սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումը թույլ տալու համար պատասխանատվության միջոց կիրառելիս Կենտրոնական բանկը հիմք է ընդունել`
«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 16-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` «Սույն օրենքի խախտման դեպքերում լիազոր մարմինը կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները՝
դ) լիցենզիայի գործողության դադարեցում:
Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը, որի համաձայն՝ լիազոր մարմինը կարող է դադարեցնել լիցենզիայի գործողությունը՝ եթե գրավատունը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար:
Կենտրոնական բանկը սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումը թույլ տալու համար պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ 29.04.2015թ. թիվ 1/339 Ա որոշմամբ Գրավատան լիցենզիայի գործողությունը կասեցվել է և կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները թույլ տալուց հետո մեկ տարվա ընթացքում Գրավատան կողմից թույլ է տրվել լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացող նոր խախտում:
Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի փետրվարի 3-ի թիվ 5 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.7-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել (դադարեցնել) «Գարանտ-Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե285 լիցենզիայի գործողությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ «Գարանտ-Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գարանտ-Կրեդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից:
4. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մարտի 01
Երևան