Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 301-Ն

26.12.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

  Հրապարակման ամսաթիվ՝ 01.02.2018

Նպատակ ունենալով բարելավել և բարենպաստ պայմաններ ստեղծել էլեկտրոնային առևտրի զարգացման և անկանխիկ վճարումների համար, հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «ե» ենթակետերով և 20-րդ հոդվածի «ե» և «իդ» ենթակետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 300-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին կարգի» (այսուհետ՝ Կարգ) 17-րդ կետը «պետք է պահվեն փակ ծրարներով:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«ՊԻՆ կոդը փակ ծրարով քարտապանին տրամադրելու պահանջը համարվում է բավարարված, եթե այն քարտապանին տրամադրվել է էլեկտրոնային եղանակով վերջինիս կողմից նշված հեռախոսին/հեռախոսահամարին (օրինակ՝ էս էմ էս ուղարկելու միջոցով) կամ էլեկտրոնային փոստին՝ ժամանակավոր ՊԻՆ կոդ տրամադրելու միջոցով (քարտապանի կողմից ինքնուրույն նոր ՊԻՆ կոդ ձևավորելու նպատակով)՝ ապահովելով անվտանգության պատշաճ մեխանիզմներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Արթուր Ջավադյան

2017 թ. դեկտեմբերի 28
Երևան