Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 256-Ն
14.11.2017
Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.12.2017
Հիմք ընդունելով «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողը պետք է բավարարի որակավորման հետևյալ պահանջներից առնվազն մեկին.
1) Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ.
2) Սի-Այ-Էյ (CIA) կամ Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկու մակարդակ.
3) Սի-Այ-Էս-Էյ (CISA) որակավորում:
2. Որակավորման վկայականը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ով բանկի ներքին աուդիտի ղեկավարին որակավորման վկայականի տրամադրման համար սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. նոյեմբերի 21
Երևան