Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 93-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 211-Ն

15.09.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 93-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 20.10.2017

Նպատակ ունենալով հստակեցնել վարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը, հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
1) Կանոնակարգի 2-րդ կետով սահմանված աղյուսակի 19-րդ տողում «արժեթղթերի երկրորդային շուկայում» բառերը փոխարինել «արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների» բառերով,
2) Կանոնակարգի 2-րդ կետով սահմանված աղյուսակի 19-րդ տողում «օրական» բառը փոխարինել «օրական, ամսական» բառերով,
3) Կանոնակարգի 20.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20.2. Ձև թիվ 32 հաշվետվությունը նախատեսված է շուկայում արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման համար: Հաշվետվությունը բաղկացած է 16 աղյուսակներից: Հաշվետվության Աղյուսակներ 1-ից 16-ը լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի հաշվետվություն թիվ 6-ի համապատասխանաբար Աղյուսակներ 1-ից 16-ի լրացման հրահանգի:
Հաշվետու վարկային կազմակերպությունները սույն կետով նախատեսված հաշվետվությունը չեն ներկայացնում ոչ օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով և(կամ) ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հետ արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների և մարման գործարքների համար:
Հաշվետվությունում լրացվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետվության ներկայացման օրվա ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում հաշվետու վարկային կազմակերպության կողմից կնքված գործարքների:»,
4) Կանոնակարգի 31.1-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թիվ 32 օրական հաշվետվությունը ներկայացվում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգով յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 17:00-ը, իսկ համակարգի խափանման դեպքում, այն ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով՝ մինչև հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:30-ը:»,
5) Կանոնակարգի 31.1-րդ կետը «օրվա հաշվետվության մեջ բառերից հետո:» լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Հաշվետվությունը (բացառությամբ 15-րդ և 16-րդ աղյուսակների) ներկայացվում է նաև ամսական կտրվածքով, որտեղ արտացոլվում են Կենտրոնական բանկ ներկայացված և հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ վերջնահաշվարկ չկատարված ածանցյալ ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկությունները: Ամսական հաշվետվությունը ներկայացնելիս հաշվետվության համարին ի լրումն անհրաժեշտ է լրացնել «m» տառը:
Սույն կետում նշված հաշվետվության չներկայացնելը հանդիսանում է հայտարարություն առ այն, որ հաշվետվությամբ նախատեսված գործարքներ բանկը չի իրականացրել:»,
6) Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Ձև թիվ 32 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Արթուր Ջավադյան

2017 թ. սեպտեմբերի 26
Երևան