Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 209-Ն
15.09.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 20.10.2017
Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իա» կետը և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնակարգի 2-րդ կետով սահմանված աղյուսակի 28-րդ տողում «արժեթղթերի երկրորդային շուկայում» բառերը փոխարինել «արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների» բառերով,
2) Կանոնակարգի 2-րդ կետով սահմանված աղյուսակի 28-րդ տողում «օրական» բառը փոխարինել «օրական, ամսական» բառերով,
3) Կանոնակարգի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Ձև թիվ 32 հաշվետվությունը նախատեսված է շուկայում արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների, ինչպես նաև միջբանկային վարկերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման համար: Հաշվետվությունը բաղկացած է 17 աղյուսակներից՝ համաձայն սույն որոշման Հավելվածի, որոնք լրացվում են այն բանկերի կողմից, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձ չեն հանդիսանում, բացառությամբ «Հաշվետու անձի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետության միջբանկային վարկային գործարքների վերաբերյալ» Աղյուսակ 17-ի, որը պարտադիր լրացվում է բոլոր բանկերի կողմից: Հաշվետվության Աղյուսակներ 1-ից 16-ը լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի հաշվետվություն թիվ 6-ի համապատասխանաբար Աղյուսակներ 1-ից 16-ի լրացման հրահանգի: Հաշվետու բանկերը սույն կետով նախատեսված հաշվետվությունը չեն ներկայացնում ոչ օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով և(կամ) ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հետ արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների և մարման գործարքների համար:
Հաշվետվությունում լրացվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետվության ներկայացման օրվա ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում հաշվետու բանկի կողմից կնքված գործարքների, ինչպես նաև կնքված վարկային պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում, 17-րդ աղյուսակում լրացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված միջբանկային վարկերի վերաբերյալ գործարքների մասին տվյալները: 17-րդ աղյուսակում ներկայացվում է տեղեկատվություն միայն կարգավորվող շուկայից դուրս կնքված գործարքների վերաբերյալ: Կարգավորվող շուկայում կնքվող գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը 17-րդ աղյուսակում չի արտացոլվում:
Սույն կետով նախատեսված հաշվետվության 17-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.
ա. «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակում նշվում է բանկի կողմից վարվող գործարքների ներքին գրանցամատյաններում տվյալ գործարքին տրված նույնականացուցիչ համարը, որը պետք է լինի առանձնահատուկ (չկրկնվող) յուրաքանչյուր գործարքի համար:
բ. «Գործարքի տեսակը (ներգրավման/տրամադրման)» սյունակում նշվում է՝ հաշվետու բանկի տեսանկյունից գործարքը միջբանկային վարկի ներգրավման գործարք է, թե տրամադրման:
գ. «Գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված», «կրճատված» կամ «այլ»: Ընդ որում, նոր գործարք կնքվելու դեպքում նշվում է «նոր կնքված», արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի կրճատման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «կրճատված», երկարաձգման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «երկարաձգված», իսկ արդեն կնքված գործարքների այլ պայմանների փոփոխության դեպքում, որոնց դեպքում գործարքի գործողության ժամկետի փոփոխություն տեղի չի ունեցել, նշվում է «այլ»:
դ. Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:
ե. «Գործարքի գումարը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված վարկի գումարը հազար միավորներով` ըստ նախորդ սյունակում նշված արժույթների: Եթե միևնույն վարկային պայմանագրով նախատեսված է վարկի տրամադրում տարբեր արժույթներով կամ տարբեր տոկոսադրույքներով, ապա այդ վարկերը պետք է ցույց տրվեն առանձին տողերով:
զ. «Տարեկան տոկոսադրույքը» սյունակում լրացվում է տրամադրված/ներգրաված վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը` ըստ կնքված վարկային պայմանագրի:
է. «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է միջբանկային վարկերի վերաբերյալ գործարքի կնքման ժամը: Փոփոխված գործարքների ներկայացման դեպքում սույն սյունակում լրացվում է առաջնային գործարքի կնքման ժամը: Ընդ որում, գործարքի կնքման ժամը նշվում է հետևյալ կերպ. ժամ:րոպե:վայրկյան, օրինակ` 13:50:55:
ը. «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է առաջնային գործարքի կնքման ամսաթիվը:
թ. «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է կնքված միջբանկային վարկի գործարքի կատարման ամսաթիվը` հետևյալ ֆորմատով`օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/08): Եթե գործարքի պայմանագրով նախատեսված է գործարքի կատարում մի քանի փուլով` ապա գործարքի յուրաքանչյուր փուլ պետք է լրացվի առանձին տողով` համաձայն պայմանագրով նախատեսված կատարման ամսաթվի:
ժ. «Գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է հաշվետու բանկի կողմից տրամադրված/ներգրաված վարկի մարման ամսաթիվը` ըստ վարկային պայմանագրի, ընդ որում ամսաթիվը լրացվում է հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/08):»:
4) Կանոնակարգի 40.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«40.1. Թիվ 32 օրական հաշվետվությունը ներկայացվում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգով յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 17:00-ը, իսկ համակարգի խափանման դեպքում, այն ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով՝ մինչև հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:30-ը: Հաշվետվությունը (բացառությամբ 15-րդ, 16-րդ և 17-րդ աղյուսակների) ներկայացվում է նաև ամսական կտրվածքով, որտեղ արտացոլվում են Կենտրոնական բանկ ներկայացված և հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ վերջնահաշվարկ չկատարված ածանցյալ ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկությունները: Ամսական հաշվետվությունը ներկայացնելիս հաշվետվության համարին ի լրումն անհրաժեշտ է լրացնել «m» տառը:
Այն դեպքում, երբ հաշվետվության ներկայացման օրը բանկի համար աշխատանքային է, իսկ Կենտրոնական բանկի համար՝ ոչ աշխատանքային, ապա հաշվետվության ներկայացման օր է համարվում Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, ընդ որում՝ հաշվետվությունը ներկայացնելիս բանկի համար աշխատանքային համարվող հաշվետու օրերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա հաշվետվության մեջ:
Սույն կետում նշված հաշվետվության չներկայացնելը հանդիսանում է հայտարարություն առ այն, որ հաշվետվությամբ նախատեսված գործարքներ բանկը չի իրականացրել:»:
5) Կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված Ձև թիվ 32 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. սեպտեմբերի 26
Երևան