«Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումները» կանոնակարգ 4/18-ը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 205-Ն
15.09.2017
«Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումները» կանոնակարգ 4/18-ը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 20.10.2017
Նպատակ ունենալով ածանցյալ ֆինանսական գործիքների էության պարզաբանման միջոցով ապահովել ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի բնականոն զարգացումը, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումները» կանոնակարգ 4/18-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. սեպտեմբերի 26
Երևան
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 205-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/18
ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ համարվում է, որ ածանցյալ ֆինանսական գործիքներով պարտավորությունների վերջնահաշվարկն իրականացվում է դրամական միջոցներով, եթե ածանցյալ ֆինանսական գործիքի վերջնահաշվարկի օրը այս գործիքներով գործարքի կողմերը պարտավոր են և (կամ) իրավունք ունեն իրենց պարտավորությունները կատարել հաշվանցով և (կամ) զուտացմամբ՝ կողմերի միջև փոխանցելով մի գումար առանց մատակարարելու գործարքի հիմքում ընկած ակտիվները:
2. Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համարվում է, որ ածանցյալ ֆինանսական գործիքներով պարտավորությունների վերջնահաշվարկն իրականացվում է բնեղենով, եթե ածանցյալ ֆինանսական գործիքի վերջնահաշվարկի օրը այս գործիքներով գործարքի կողմերը պարտավոր են իրենց պարտավորությունները կատարել գործիքի հիմքում ընկած ակտիվների փոխանցմամբ (առաքմամբ):