Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 111-Ն

16.05.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 15.06.2017

Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իա» կետը և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  55-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ու մ  է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնակարգի 2-րդ կետում «26 Հաշվետվություն շահագործման հանձնված և շահագործումից հանված տերմինալների վերաբերյալ» բառերը փոխարինել «26 Շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ» բառերով,
2) Կանոնակարգի 14-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թիվ 11 հաշվետվությունում ներկայացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափի կազմի մեջ մտնող և պակասեցվող տարրերի մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջում:»,
3) Կանոնակարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Թիվ 30 «Շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տեղադրված և գործող բոլոր ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն նշվում ՊՈՍ-տերմինալների և իմպրինտերների վերաբերյալ տվյալները: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա համար: Ներկայացվող տվյալներում հաշվի են առնվում հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները կապված ինքնասպասարկող սարքերի տեղադրման, տեղափոխման, փոխարինման կամ շահագործման դադարեցման հետ:
Թիվ 30 «Շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ» հաշվետվությունը բաղկացած է «1. Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր», «2. Երևանի, մարզերի և տարածաշրջանի կոդեր», և «3. Տեղադրման վայրի նկարագրություն» աղյուսակներից:
«1. Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր» աղյուսակում ընդգրկվում են հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկի կողմից շահագործվող, այդ թվում՝ փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ինքնասպասարկող սարքերի փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր տեղադրված` շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1) «1. Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր» աղյուսակի «ինքնասպասարկող սարքերի շահագործման/գտնվելու վայրի հասցեն» սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում տեղադրված և շահագործվող ինքնասպասարկող սարքի գտնվելու վայրի հասցեն: «Ինքնասպասարկող սարքավորման շահագործման գտնվելու վայրի հասցեն» սյունակը բաժանված է երեք ենթասյուների՝ «Երևանի, մարզերի կամ տարածաշրջանի կոդը», «Քաղաք/գյուղ» և «Փողոց», որոնք լրացվում են հետևյալ կերպ.
ա. «Երևանի, մարզերի կամ տարածաշրջանի կոդը» սյունակում լրացվում է սույն հաշվետվության «2. Երևանի, մարզերի և տարածաշրջանի կոդերը» աղյուսակում ներկայացված համապատասխան մարզի, Երևանի (Հայաստանի Հանրապետության մարզերի մարզկենտրոնների, քաղաքային կամ գյուղական համայնքների, Երևանի վարչական շրջանների) կամ տարածաշրջանի համար սահմանված կոդը, որտեղ տեղադրվել է տվյալ ինքնասպասարկող սարքը,
բ. «Քաղաք/գյուղ» սյունակում լրացվում է այն քաղաքի, գյուղի անվանումը, որտեղ տեղադրվել է տվյալ ինքնասպասարկող սարքը,
գ. «Փողոց» սյունակում լրացվում է այն փողոցի անվանումը, տան, շենքի, բնակարանի համարը, որտեղ տեղադրվել է տվյալ ինքնասպասարկող սարքը:
2) «Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.
ա. «Տեղադրման տարածքի նկարագրություն» սյունակը բաժանված է երկու ենթասյուների՝ «Տեղադրման տարածքը» և «Տեղադրման վայրը», որոնք լրացվում են հետևյալ կերպ.
1 «Տեղադրման տարածքը» սյունակում լրացվում է սույն հաշվետվության «3. Տեղադրման վայրի նկարագրություն» աղյուսակում ներկայացված համապատասխան ինքնասպասարկող սարքի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվություն, ըստ նշված դասակարգման: Օրինակ՝ եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլ:
2 «Տեղադրման վայրը» սյունակում լրացվում է ինքնասպասարկող սարքի տեղադրման եղանակի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է, ըստ նշված հետևյալ դասակարգման՝ «Ներսում», «Դրսում» և «Միջպատային»: Օրինակ՝ եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքի ներսում, ապա ընտրվում է «Ներսում» դասակարգիչը, կամ, եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է բանկի «Կենտրոն» մասնաճյուղի արտաքին պատին՝ ապա ընտրվում է «Միջպատային» դասակարգիչը, իսկ, եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է հատուկ պատրաստված կրպակի տարածքում՝ ապա ընտրվում է «Դրսում» դասակարգիչը,
բ. «Ինքնասպասարկող սարքի արտադրողը, մակնիշը» սյունակում նշվում է տվյալ ինքնասպասարկող սարքի արտադրող կազմակերպության անվանումը և այդ սարքի մակնիշը,
գ. «ինքնասպասարկող սարքի տեսակը, ըստ ֆունկցիոնալ խմբավորման» սյունակում լրացվում է ինքնասպասարկող սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է, ըստ նշված հետևյալ դասակարգման՝ «ԷԳ», «ԱԳՄ», «ԱՓՄ», «ՎՏ» և «ԲԱՄ»: Որտեղ լրացվում է «ԷԳ», եթե տեղադրված սարքը՝ էլեկտրոնային գանձապահ սարքն է, կամ լրացվում է «ԱԳՄ», եթե տեղադրված սարքը՝ ավտոմատ գանձման մեքենա է, կամ լրացվում է «ԱՓՄ», եթե տեղադրված սարքը՝ արժույթի փոխանակման մեքենա է, կամ լրացվում է «ՎՏ», եթե տեղադրված սարքը՝ վճարումների ընդունման տերմինալ է, կամ լրացվում է «ԲԱՄ» եթե տեղադրված սարքը՝ բանկային ավտոմատացված մեքենա է,
դ. «Վերաշրջանառության մոդուլի առկայություն» սյունակում նշվում է «Այո» տողը, այն դեպքում, երբ սարքը հագեցած է վերաշրջանառության մոդուլով, և «Ոչ» տողը, այն դեպքում, երբ սարքը նման մոդուլով հագեցած չէ,
ե. «Արտարժույթի փոխանակման գործառույթի առկայություն» սյունակում նշվում է «Այո» տողը այն դեպքում, երբ սարքի միջոցով կարող է փոխարկվել արտարժույթ, և «Ոչ» տողը այն դեպքում, երբ սարքի միջոցով չի կարող փոխարկվել արտարժույթ,
զ. «Շահագործման հանձնման ամսաթիվը (օր/ամիս/տարի)» սյունակում նշվում է տվյալ հասցեում ինքնասպասարկող սարքի շահագործումը սկսելու ամսաթիվը, երբ այն պատրաստ է գործառնություններ իրականացնելու համար,
է. «Որպես սպասարկման կետ ինքնասպասարկող սարքը նույնականացնող կոդը» սյունակում նշվում է կազմակերպության կողմից տեղադրված ինքնասպասարկող սարքը, որպես սպասարկման կետ նույնականացնելու նպատակով տրամադրված կոդը,
ը. «Տեսախցիկների քանակը» սյունակում նշվում է համապատասխան տեղեկատվություն ինքնասպասարկող սարքի տեղադրման տարածքի և գործարքի նկարահանման նպատակով տեղադրված տեսախցիկների քանակի վերաբերյալ՝ թվերով:»,
4) Կանոնակարգի 30-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում՝ այն դեպքում, երբ քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում գործառնություններ իրականացնելուց բացի քարտապանը կարող է իրականացնել գործառնություններ նաև փաստացի տրամադրված վարկի (օվերդրաֆտի) հաշվին, ապա այդ վճարային քարտը ենթակա է դասակարգման որպես «հաշվարկային» քարտ: Այն դեպքում, երբ քարտապանը կարող է վճարային քարտով գործառնություններ իրականացնել միայն վերջինիս պատկանող դրամական միջոցների սահմաններում, և քարտապանին փաստացի չի տրամադրվել վարկ (օվերդրաֆտ), ապա վճարային քարտը ենթակա է դասակարգման որպես «դեբետային» քարտ:»,
5) Կանոնակարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում՝ «միանձնյա օգտագործվող» տողը լրացվում է, եթե տվյալ սարքը պատկանում է հաշվետու բանկին՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ սարքը օգտագործվում է համատեղ այլ բանկի հետ, իսկ «համատեղ օգտագործվող» տողը լրացվում է, եթե տվյալ սարքը օգտագործվում է հաշվետու բանկի և այլ բանկի հետ համատեղ և չի պատկանում հաշվետու բանկին:»:
6) Կանոնակարգի Ձև թիվ 11-րդ, Ձև թիվ 30-րդ և Ձև թիվ 31-րդ հաշվետվողական ձևերը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար Հավելված 1-ի, Հավելված 2-ի և Հավելված 3-ի (կցվում է),
7) Կանոնակարգի Ձև թիվ 18.2-ում 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կից ներկայացվում է նաև առավել հայտնի միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք. որ ցանկն ամբողջական չէ, և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների դասակարգումը պետք է իրականացվի վերը նշված չափանիշների հիման վրա:
1) African Development Bank
2) Asian Development Bank (ADB)
3) Bank for International Settlements (BIS)
4) Black Sea Trade and Development Bank (BSTDB)
5) Caribbean Development Bank (CDB)
6) Central American Bank for Economic Integration (CABEI)
7) Central Bank of West African States (BCEAO)
8) Corporacion Andina de Fomento (CAF)
9) East African Development Bank (EADB)
10) Eastern Caribbean Central Bank (ECCB)
11) Eurasian Development Bank (EDB)
12) European Bank for Reconstruction and Development (EBRD)
13) European Commission (EC)
14) European Central Bank (ECB)
15) European Investment Bank (EIB)
16) Евразийский банк развития (ЕАБР)
17) Inter-American Development Bank (IDB)
18) International Fund for Agricultural Development (IFAD)
19) International Monetary Fund (IMF)
20) International Organization for Migration (IOM)
21) Islamic Development Bank (IDB)
22) Межгосударственный банк (МБ)
23) Nordic Development Fund (NDF)
24) Nordic Investment Bank (NIB)
25) OPEC Fund for International Development (OPEC Fund)
26) Organization for Economic Co-operation and Development (OECD)
27) Organization of Petroleum-Exporting Countries (OPEC)
28) West African Development Bank (BOAD)
29) World Bank Group
ա. International Bank for Reconstruction and Development (IBRD)
բ. International Development Association (IDA)
գ. International Finance Corporation (IFC)
դ. Multilateral Investment Guarantee Agency (MIGA)
ե. International Centre for Settlement of Investment Disputes (ICSID):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի օգոստոսի 1-ին, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի, սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով հաստատված Հավելված 1-ի և 7-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Արթուր Ջավադյան

2017 թ. մայիսի 20
Երևան