Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 128-Ն
06.08.2024
Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 265-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 14.08.2024
Նպատակ ունենալով ներդնել արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների տրամադրման առավել մանրամասն կանոններ, հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն Հավելված 1-ի:
2. Սահմանել «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն Հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների վերաբերյալ թիվ 104 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 265-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան