Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 106 Ա
22.06.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 25.1.-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. հունիսի 27
Երևան
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի հունիսի 22-ի թիվ 106 Ա որոշմամբ
Աուդիտի կոմիտեի կանոնադրություն
1. Սույն Կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (այսուհետ՝ Բանկ) Աուդիտի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) առաքելությունը, իրավասությունները և գործառույթները: Կանոնադրությունը հաստատվում է ՀՀ ԿԲ Խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից և ենթակա է վերանայման ըստ անհրաժեշտության:
Նպատակը
2. Կոմիտեի նպատակն է իրականացնել համակարգված հսկողություն կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության գործընթացների նկատմամբ: Կոմիտեն օժանդակում է Խորհրդին և գործադիր ղեկավարությանը, տրամադրելով խորհրդատվություն Բանկի հետևյալ նախաձեռնությունների համարժեքության վերաբերյալ՝
• Կորպորատիվ կառավարման կառուցվածք
• Արժեքներ և մշակույթ (էթիկա)
• Ռիսկերի կառավարում
• Ներքին հսկողության հայեցակարգ
• Ներքին աուդիտի գործառույթի նկատմամբ հսկողություն
• Արտաքին աուդիտի և այլ հավաստիացման ծառայություններ մատուցողների աշխատանքների արդյունքների դիտարկում
• Ֆինանսական և հանրության կողմից օգտագործվող այլ հաշվետվություններ:
3. Կոմիտեն դիտարկում է վերոնշյալ թվարկվածներից յուրաքանչյուրը և Խորհրդին տրամադրում անկախ խորհրդատվություն և ցուցումներ ղեկավարության գործունեության համարժեքության ու արդյունավետության, ինչպես նաև հնարավոր բարելավումների վերաբերյալ:
Լիազորությունները
4. Կոմիտեի լիազորությունները սահմանված են ՀՀ ԿԲ մասին օրենքով և սույն կանոնադրությամբ:
5. Իր պարտականություններն իրականացնելու համար Կոմիտեն պետք է ունենա հասանելիություն ղեկավարությանը, աշխատակիցներին և համապատասխան տեղեկատվությանը (փաստաթղթերին, տվյալներին և հաշվետվություններին):
6. Կոմիտեն իրավասու է Բանկի ղեկավարությունից և աշխատակիցներից ստանալ բացատրություններ, որոնք անհրաժեշտ է համարում իր պարտականությունների իրականացման համար:
Կոմիտեի կազմը
7. Կոմիտեն բաղկացած է 3 անդամներից, այդ թվում՝ Կոմիտեի նախագահը:
8. Կոմիտեի անդամներ կարող են լինել միայն Խորհրդի անդամները, բացառությամբ Բանկի նախագահի և նախագահի տեղակալների:
9. Կոմիտեի անդամները նշանակվում են Խորհրդի կողմից երեք տարի ժամկետով:
10. Կոմիտեում ժամկետի ավարտով չպայմանավորված թափուր տեղ առաջանալու դեպքում Կոմիտեի նոր անդամը նշանակվում է ազատված անդամի պաշտոնավարման չլրացված ժամկետով:
Կոմիտեի նախագահը
11. Կոմիտեի նախագահը ընտրվում է Կոմիտեի կազմից, Կոմիտեի անդամների կողմից մեկ տարի ժամկետով, ռոտացիոն սկզբունքով, հաշվի առնելով Խորհրդում պաշտոնավարած առավել երկար ժամկետը, իսկ ժամկետի հավասարության դեպքում տարիքով ավագ լինելու հանգամանքը:
Քվորումը
12. Կոմիտեի քվորումն ապահովվում է անդամների մեծամասնության մասնակցությամբ:
13. Քվեարկության ժամանակ Կոմիտեի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
14. Որոշումը համարվում է ընդունված կոմիտեի առնվազն 2 անդամների կողմ քվեարկելու դեպքում:
Շահերի բախումը
15. Կոմիտեի անդամի պարտականությունն է տեղեկացնել Կոմիտեին շահերի բախման հնարավոր կամ իրական դեպքերի մասին: Եթե հարց է առաջացել, թե արդյոք Կոմիտեի անդամը պետք է հրաժարվի ձայնի իրավունքից, Կոմիտեն պետք է քվեարկությամբ որոշում կայացնի:
Կոմիտեի նիստերը
16. Կոմիտեն պետք է գործի ՀՀ օրենսդրությանը, Բանկի իրավական ակտերին, ինչպես նաև արժեքներին և էթիկայի կանոններին համապատասխան:
17. Կոմիտեի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: Կոմիտեի նիստերը հրավիրում է Կոմիտեի նախագահը: Կոմիտեի նիստ կարող է հրավիրվել նաև Գլխավոր աուդիտորի առաջարկով:
18. Կոմիտեն նվազագույնը երկու անգամ պետք է հանդիպի Բանկի արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ աուդիտի հանձնառության սկզբում և վերջում:
19. Կոմիտեն կարող է առանձին հանդիպումներ ունենալ Բանկի ղեկավարության, ինչպես նաև Գլխավոր աուդիտորի հետ:
20. Կոմիտեն կարող է հրավիրել Բանկի ցանկացած աշխատակցի, ինչպես նաև արտաքին աուդիտոր(ներ)ի՝ մասնակցելու Կոմիտեի նիստերին:
21. Գլխավոր աուդիտորը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Կոմիտեի նիստերին, բացառությամբ այն դեպքերի, երբ Կոմիտեն սահմանափակում է Գլխավոր աուդիտորի մասնակցությունը:
22. Բանկի նախագահը կամ նախագահի տեղակալները և Խորհրդի անդամները իրավասու են հարց ներկայացնել Կոմիտեի քննարկմանը:
23. Կոմիտեի նիստերի օրակարգի կազմումը, անհրաժեշտ նյութերի տրամադրումը Կոմիտեի անդամներին իրականացվում է Ներքին աուդիտի վարչության կողմից: Կոմիտեի նիստերի օրակարգը հաստատում է Կոմիտեի նախագահը: Կոմիտեի նիստերի նյութերը նախօրոք պետք է տրամադրվեն Կոմիտեի անդամներին:
24. Կոմիտեի նիստերի արձանագրումն իրականացվում է Բանկի Գլխավոր քարտուղարության Արձանագրային բաժնի կողմից:
Կոմիտեի գործունեության շրջանակները
25. Ներքին աուդիտի հետ կապված Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) Դիտարկում է Ներքին աուդիտի կանոնադրությունը և դրական եզրակացության դեպքում առաջարկում է ներկայացնել Խորհրդի հաստատմանը:
2) Դիտարկում է ռիսկերի վրա հիմնված Ներքին աուդիտի կողմից առաջարկվող տարեկան ծրագիրը և դրական եզրակացության դեպքում առաջարկում է ներկայացնել Խորհրդի հաստատմանը:
3) Քննարկում է աուդիտորական հանձնառությունների արդյունքում կազմած հաշվետվությունները, հաշվետվություններում ներկայացված դիտարկումները ու առաջարկությունները և դրանց վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարների մեկնաբանությունները:
4) Դիտարկում է աուդիտորական հանձնառությունների արդյունքների հետ կապված ստորաբաժանման և Ներքին աուդիտի միջև անհամաձայնության դեպքերը և անհրաժեշտության դեպքում առաջարկում է խնդիրները ներկայացնել Խորհրդի քննարկմանը:
5) Քննարկում է Ներքին աուդիտի կողմից իրականացված հետստուգումային մոնիտորինգի արդյունքները, և անհրաժեշտության դեպքում առաջարկում է խնդիրները ներկայացնել Խորհրդի քննարկմանը:
6) Դիտարկում է Ներքին աուդիտի գործունեության շրջանակները, ռեսուրսները, ինչպես նաև Ներքին աուդիտի բնականոն գործունեությանը խոչընդոտող միջադեպերը` ներառյալ տեղեկատվության անհասանելիության, ստորաբաժանումների կողմից համագործակցությունից խուսափելու դեպքերը:
7) Դիտարկում է Ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարողականը և Խորհրդին կարծիք ներկայացնում Ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարողականի և գործունեության գնահատականի վերաբերյալ: Քննարկում է Ներքին աուդիտի գործունեության հետ կապված այլ հարցեր:
8) Գլխավոր աուդիտորից տեղեկանում է, թե ինչ քայլեր են իրականացվել Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու համար:
9) Հավաստիանում է, որ Գլխավոր աուդիտորը մշակել և կիրառում է որակի հավաստիացման և բարելավման ծրագիր:
10) Դիտարկում է որակի հավաստիացման և բարելավման ծրագրի արդյունքները և հետևում ներկայացված առաջարկների կատարմանը:
11) Խորհրդին տրամադրում է Ներքին աուդիտի գործունեության շարունակական բարելավման վերաբերյալ առաջարկներ:
26. Արտաքին աուդիտի հետ կապված Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) Դիտարկում է արտաքին աուդիտի մրցույթի և արտաքին աուդիտորական ընկերության ընտրության պայմանները, ներկայացված առաջարկությունների ամփոփման արդյունքները և եզրակացություն ներկայացնում Խորհրդին:
2) Քննարկում է Բանկի ստորաբաժանումների ղեկավարության և արտաքին աուդիտորների միջև ծագած տարաձայնությունները/անհամաձայնությունները և անհրաժեշտության դեպքում ծագած խնդիրները ներկայացնում է Խորհրդի քննարկմանը:
3) Ուսումնասիրում է արտաքին աուդիտորի կողմից տրված եզրակացությունը, «նամակ ղեկավարությանը» փաստաթուղթը, ինչպես նաև այլ փաստաթղթեր` Բանկի ղեկավարության արձագանքների հետ միասին:
4) Ըստ անհրաժեշտության, կարող է Խորհրդին առաջարկել հրավիրել անկախ խորհրդատուների` կոնկրետ խնդիրների շուրջ պարզաբանումներ ստանալու համար:
27. Կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգի հետ կապված Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) Դիտարկում է կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերի ուղղությամբ մշակվող մեթոդական նյութերը, եզրակացություններ տալիս դրանց վերաբերյալ:
2) Առնվազն տարեկան կտրվածքով անդրադառնում է Բանկի կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգին վերաբերվող հարցերին և համապատասխան կարծիք հայտնում Խորհրդին:
3) Դիտարկում է Բանկի ստորաբաժանումների, ներքին և արտաքին աուդիտորների, այլ հավաստիացման և խորհրդատվական ծառայություններ մատուցողների կողմից ներկայացված կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ հաշվետվությունները և համապատասխան կարծիք հայտնում Խորհրդին:
4) Պարբերաբար առաջարկություններ է ներկայացնում Խորհրդին՝ Բանկի կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգի կատարելագործման վերաբերյալ:
5) Ակտիվ դերակատարություն է ունենում խարդախության կանխման և զսպման գործում:
Կոմիտեի հաշվետվողականությունը
28. Խորհրդին ներկայացնում է տարեկան հաշվետվություն հաշվետու տարվա ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքների, քննարկված էական խնդիրների, տրված հանձնարարականների և դրանց կարգավիճակների վերաբերյալ՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: