Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2024 թվականի առաջին եռամսյակ)
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 59-Ն
16.04.2024
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2024 թվականի առաջին եռամսյակ)
Հրապարակման ամսաթիվ՝ 18.04.2024
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.5%-ի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2024թ. առաջին եռամսյակ)
2024 թվականի ապրիլի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ 1.5% մակարդակում[1]։
Կապիտալի հակացիկլիկ շեմի (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)) վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրոֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝
- Նախորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է Ֆինանսական ցիկլի ինդեքսի չափավոր աճ, ինչը հիմնականում պայմանավորված է վարկավորման շուկայի զարգացումներով։ 2023թ. չորրորդ եռամսյակում վարկեր/ՀՆԱ ցուցանիշը[2] ևս փոքր-ինչ աճել է և կազմել շուրջ 65.6%։ Վերջինս շարունակում է պահպանվել իր երկարաժամկետ տրենդից (վարկեր/ՀՆԱ ճեղքվածք) ցածր մակարդակում (մոտ -9 տոկոսային կետ)։ Նախորդ եռամսյակի համեմատ վարկեր/ՀՆԱ բացասական ճեղքը կրճատվել է 0․7 տոկոսային կետով։
- Ընդհանուր վարկավորման տարեկան աճի տեմպերը նախորդ եռամսյակի համեմատությամբ գրեթե չեն փոխվել։ 2024 թվականի առաջին եռամսյակում հիպոտեկային վարկերի տրամադրման ծավալները ընդհանուր առմամբ համադրելի են եղել նախորդ տարվա նույն եռամսյակի հոսքերի հետ, իսկ սպառողական վարկավորման ոլորտում պահպանվել են դեռևս նախորդ տարվա ընթացքում արձանագրված ակտիվության աճի միտումները։
Այդուհանդերձ, ընդհանուր վարկային պորտֆելի մասով զարգացումները շարունակում են մնալ հավասարակշռված և դեռևս չեն պարունակում ավելցուկային (ռիսկային) վարկավորման ակնհայտ նախանշաններ։
- Նախորդ տարիների համեմատությամբ հիպոտեկային վարկերի պորտֆելի աճի տեմպի դանդաղման (բազայի էֆեկտ) պայմաններում՝ վերջինս շարունակում է պահպանվել բարձր մակարդակում։ Վերջինս, զուգակցված անշարժ գույքի գների շարունակական աճի հետ, ազդակ է հանդիսանում այս ոլորտում հնարավոր ռիսկերի առկայության համար։ Մեր գնահատումների համաձայն, անշարժ գույքի գնի՝ հիմնարարներով պայմանավորված մակարդակից հնարավոր դրական շեղումը ևս շարունակում է պահպանվել[3]։
- Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային պահպանվող բարձր անորոշությունների պայմաններում համակարգային (ցիկլային) ռիսկերի նյութականացման հավանականությունը շարունակում է մնալ բարձր՝ ինչպես ազդեցության չափի, այնպես էլ արագության առումով։ Նման պայմաններում կարևորվում է առևտրային բանկերի կողմից կարգավորմամբ պահանջվող կապիտալի սահմանաչափից բարձր հավելյալ կապիտալի պաշարների պահպանումը։ Վերջինս առավել կընդլայնի բանկերի կողմից վարկային կորուստների կլանման և տնտեսության անխոչընդոտ վարկավորման ունակությունը։
Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում, ՀՀ կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել ԿՀԲ դրույքաչափը՝ պահպանելով այն 1.5% մակարդակում: ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից։
[1] Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով
[2] Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը, ֆակտորինգը և անհուսալի վարկերի մնացորդը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։ ։
[3] Հարկ է նշել սակայն, որ այս գնահատականը ընդամենը հանդիսանում է ազդակ անշարժ գույքի շուկայում հնարավոր գերտաքացման երևույթների նախանշման համար, և չպետք է մեկնաբանվի որպես անշարժ գույքի գնի կանխատեսում։