Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 135-Ն

26.09.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 15.10.2019

Նպատակ ունենալով բարելավել վարկային կազմակերպությունների կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 16.1.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.1.1. ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի (այսուհետ՝ սովորական բաժնետոմս) անվանական արժեքից` գումարած սովորական բաժնետոմսերից էմիսիոն եկամուտը և նվազեցրած զեղչը,»,
2) Կանոնակարգի 16.1.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.1.3. չբաշխված շահույթ: Ընդ որում, վարկային կազմակերպության չբաշխված շահույթը վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվարկում ներառվում է ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի և հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքների` գումարած բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ, առավելագույնը 150 տոկոսի չափով,»,
3) Կանոնակարգը 16.1.3 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1.4 կետով.
«16.1.4. սույն կանոնակարգի հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեք` գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերը նվազեցվում են սույն կանոնակարգի հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող այն արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք հետ են գնվել վարկային կազմակերպության կողմից (եթե արդեն իսկ չեն նվազեցվում հիմնական կապիտալից կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն) կամ ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում վարկային կազմակերպությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ որոնք վարկային կազմակերպությունը որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի) հետագայում: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերը վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվարկում ներառվում են սույն կանոնակարգի 16.1.1 - 16.1.3 կետերում նշված տարրերի հանրագումարի և սույն կանոնակարգի 16.2-րդ կետի համաձայն կատարվող պակասեցումների տարբերության առավելագույնը 20 տոկոսի չափով:»,
4) Կանոնակարգի 16.2.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.2.1. Վարկային կազմակերպության կողմից տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով: Ընդ որում, սույն պարբերության իմաստով՝ երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն ստորադաս փոխառությունը, որը տրամադրվել է առնվազն հինգ տարի ժամկետով:»,
5) Կանոնակարգի 16.2.8.1 կետը ուժը կորցրած ճանաչել,
6) Կանոնակարգը 16.3.4 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.3.5 և 16.3.6 կետերով.
«16.3.5. Սույն կանոնակարգի հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերից (հիմնական կապիտալի հաշվարկում ընդգրկված մեծությունը գերազանցող գումարի չափով), որոնք լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում են անվանական արժեքով` գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով սույն կետում նշված գումարն ունի առաջնահերթություն, լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ:
16.3.6. Վարկային կազմակերպության կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Սույն կանոնակարգի իմաստով (բացառությամբ՝ սույն կանոնակարգի 16.2.1-րդ կետի 1-ին ենթակետի) երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որը բավարարում է սույն կանոնակարգի 5-րդ հավելվածի բոլոր պայմաններին միաժամանակ: Ընդ որում, վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն՝ լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ, բացառությամբ արտոնյալ բաժնետոմսերի: Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվեն դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:»,
7) Կանոնակարգը լրացնել Հավելված 4-ով և Հավելված 5-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2019 թ. հոկտեմբերի 4
Երևան