«Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով կենսաթոշակը, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները և այլ դրամական վճարները, ինչպես նաև խնամքի նպաստը կանխիկ ձևով վճարելու համար բացառություններ սահմանելու մասին
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մարտի 2024թ. թիվ 48-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 20 մարտի 2024թ. թիվ 01-Ն |
ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ
«Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով կենսաթոշակը, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները և այլ դրամական վճարները, ինչպես նաև խնամքի նպաստը կանխիկ ձևով վճարելու համար բացառություններ սահմանելու մասին
Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաթոշակները, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները և այլ դրամական վճարները, ինչպես նաև խնամքի նպաստը կանխիկ ձևով վճարելու բացառությունները կազմակերպելը, հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը
Ո ր ո շ ու մ ե ն.
1. Կենսաթոշակը, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող պետական նպաստները և այլ դրամական վճարները (այսուհետ՝ կենսաթոշակ), ինչպես նաև խնամքի նպաստը (այսուհետ՝ բոլորը միասին՝ կենսաթոշակ) «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներով սահմանված կարգով կենսաթոշակառուին կամ նպաստառուին (այսուհետ՝ շահառու) վճարելիս, բացառություն սահմանել սույն որոշման հավելվածի ցանկում նշված գյուղերում հաշվառված շահառուների համար և նրանց կենսաթոշակը դիմումի հիման վրա վճարել կանխիկ եղանակով՝ անկախ շահառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող շահառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տարիքից կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու (չլինելու) հանգամանքից։
2. 2024 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակը վճարվում է մինչև այդ օրը կենսաթոշակառուի ներկայացրած դիմումի հիման վրա։ Եթե 2024 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո կենսաթոշակի վճարումը վերսկսվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, ապա կենսաթոշակը վճարվում է այն եղանակով (կենսաթոշակ վճարող կազմակերպության միջոցով), որով վճարվել է մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը։
3. Հաստատել այն գյուղերի ցանկը, որտեղ հաշվառված շահառուներին կենսաթոշակը դիմումի հիման վրա վճարվում է կանխիկ եղանակով՝ անկախ շահառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող շահառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տարիքից կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու (չլինելու) հանգամանքից՝ համաձայն հավելվածի։
4. Սույն որոշման հավելվածով հաստատվող գյուղերի ցանկը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվական հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆ