Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2023 թվականի չորրորդ եռամսյակ)
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 18-Ն
23.01.2024
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2023 թվականի չորրորդ եռամսյակ)
Հրապարակման ամսաթիվ՝ 26.01.2024
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.5%-ի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2023թ. չորրորդ եռամսյակ)
2024 թվականի հունվարի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ 1.5% մակարդակում[1]։
Կապիտալի հակացիկլիկ շեմի (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)) վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրոֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝
- Նախորդ եռամսյակի համեմատ Ֆինանսական ցիկլի ինդեքսը գրեթե չի փոփոխվել։ 2023թ. չորրորդ եռամսյակի համար գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը[2] փոքր-ինչ աճել է և կազմել է շուրջ 65.3%։ Վերջինս շարունակում է պահպանվել իր երկարաժամկետ տրենդից (վարկեր/ՀՆԱ ճեղքվածք) ցածր մակարդակում (մոտ -9.3 տոկոսային կետ)։ Նախորդ եռամսյակի համեմատ այն նվազել է մոտ 0.1 տոկոսային կետով։
- Չնայած 2023թ. ընթացքում ընդհանուր վարկավորման ծավալների ավելացմանը՝ ռիսկի կամ ավելցուկային վարկավորման ակնհայտ նախանշաններ ներկայումս առկա չեն։ Ընդհանուր վարկավորման աճում տնային տնտեսությունների և բիզնես վարկերի նպաստումները համադրելի են եղել։ Սպառողական վարկերի ոլորտում գրանցվել է ակտիվության աճ, որի արդյունքում նախորդ տարիների համեմատությամբ վերջինիս գծով արձանագրվել է հարաբերականորեն բարձր աճի տեմպ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով սպառողական վարկերի վերջին երեք տարիների միջին տարեկան չափավոր աճի տեմպերը, ՀՆԱ հարաբերակորեն բարձր աճի պայմաններում սպառողական վարկեր/ՀՆԱ ցուցանիշի նվազումը՝ տվյալ ոլորտում ռիսկի էական կուտակումներ ներկայումս չեն դիտարկվում։
- Նախորդ տարիների համեմատությամբ հիպոտեկային վարկերի պորտֆելի աճի տեմպի դանդաղման (բազայի էֆեկտ) պայմաններում՝ վերջինս շարունակվում է պահպանվել բարձր մակարդակում։ Տարվա ընթացքում նոր տրամադրվող հիպոտեկային վարկերի ծավալները (հոսք) համադրելի են նախորդ տարիներին տրամադրված մեծածավալ հոսքերի հետ։ Վերջինս, զուգակցված նախորդող և ընթացիկ տարիներին անշարժ գույքի գների շարունակական աճի հետ, ազդակ է հանդիսանում այս ոլորտում ռիսկերի բարձր մակարդակի պահպանման համար։ Մեր գնահատումների համաձայն, անշարժ գույքի գնի՝ հիմնարարներով պայմանավորված մակարդակից հնարավոր դրական շեղումը ևս շարունակում է պահպանվել բարձր մակարդակում[3]։
- Ընթացիկ ժամանակահատվածում ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերը նախորդ եռամսյակի համեմատ չեն փոխվել։ Միևնույն ժամանակ, ընդհանուր վարկային պորտֆելի մասով զարգացումները չեն պարունակում ավելցուկային (ռիսկային) վարկավորման ակնհայտ նախանշաններ։
Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում, ՀՀ կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել ԿՀԲ դրույքաչափը՝ պահպանելով այն 1.5% մակարդակում: ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից։
[1] Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ բուֆերի կիրառման ՀՀ ԿԲ մոտեցումը» փաստաթղթի դրույթներով
[2] Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։ 2023թ․ չորրորդ եռամսյակի գնահատականը նախնական է և կարող է հետագայում փոփոխվել՝ կախված ՀՆԱ փաստացի տվյալների հիման վրա վերահաշվարկի արդյունքներից։
[3] 2023թ. 4-րդ եռամսյակի դրությամբ անշարժ գույքի գնի գերաժեւորման չափի գնահատականը կազմում է 20%-35%: Հարկ է նշել սակայն, որ այս գնահատականը ընդամենը հանդիսանում ազդակ անշարժ գույքի շուկայում հնարավոր գերտաքացման երևույթների նախանշման համար, և չպետք է մեկնաբանվի որպես անշարժ գույքի գնի կանխատեսում։