Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 236-Ն
29.12.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 29.12.2023
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի ««Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 250-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 19-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կանոնակարգը չի տարածվում Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայությունը վճարահաշվարկային համակարգերի օպերատորների համագործակցությամբ իրականացնելու արդյունքում ծագած հարաբերությունների վրա, ինչպես նաև հայաստանյան վճարահաշվարկային համակարգի այն մասնակիցների վրա, որոնք հայաստանյան վճարահաշվարկային համակարգի և Համակարգի օպերատորի միջև կնքված պայմանագրի հիման վրա ստացել են Համակարգով ծառայություններ մատուցելու իրավասություն, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի ««Դրամական միջոցների փոխանցման Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ապրիլի 29-ի թիվ 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 53-Ն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքի։»,
2. Կանոնակարգը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1 կետով.
«10.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի ««Դրամական միջոցների փոխանցման Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ապրիլի 29-ի թիվ 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 53-Ն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքում համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար հայաստանյան մասնակիցը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև սույն կանոնակարգի 8-րդ հավելվածով սահմանված տեղեկատվությունը:»:
3. Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 8-ով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան