Ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 Կենտրոնական բանկի խորհուրդ

Պաշտոնական պարզաբանում 
25/11/2016թ.թիվ 6

ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
 ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով մի շարք իրավական դրույթների («Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս և 7-րդ հոդվածի 4-րդ մաս, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդված, «Ներդրումային Ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետ) ոչ հստակ և տարաբնույթ ընկալման, ինչպես նաև իրավական ակտերի միջև հակասության (ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 98-րդ և 111-րդ հոդվածներ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդված) կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հասցեագրված գրությունները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը սույն պաշտոնական պարզաբանմամբ անդրադառնում է ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի վերաբերյալ հետևյալ հարցերին.

Պաշտոնապես պարզաբանում է

  1. ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված առցանց գրանցման ընթացակարգով գրանցված ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի փայերի գնանշումն ընկնում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի ներքոեւ համապատասխանաբար ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի փայերը հնարավոր է գնանշել արտարժույթով, եթե գործարքն անկանխիկ է եւ ներդրողներից առնվազն մեկը օտարերկրյա անձ է, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձ է։
  2. Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարող են ՀՀ-ում գրանցված և գործող կազմակերպություններին մեզանին ֆինանսավորում տրամադրել (mezzanine finance) և, հետևաբար, ձեռք բերել այդ կազմակերպությունների բաժնետոմսերը այդ կազմակերպության նկատմամբ պահանջների հաշվանցով, եթե գործարքն ի սկզբանե և իր բնույթով նախատեսում է պարտքի դիմաց կապիտալի մասնակցության հնարավորություն և գործարքը հաստատվել է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերով։
  3. Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը ՀՀ-ում գրանցված կազմակերպություններին կարող են արտարժույթով տրամադրել մեզանին ֆինանսավորում, սակայն, քանի որ կապիտալ ներդրումները և կապիտալի գնանշումը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրականացվում են միայն ՀՀ դրամով, մեզանին ֆինանսավորումը կապիտալի փոխարկման պահին պետք է գնանշվի ՀՀ դրամով:
  4. Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է կարգավորվել օտարերկրյա իրավունքով՝ կողմերի համաձայնության դեպքում, այնքանով որքանով դրա կիրառման հետևանքները չենհակասում Հայաստանի Հանրապետության իրավունքի իմպերատիվ նորմերին կամ Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին):
  5. Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը կարող է իրականացնել միայն տարատեսակ ներդրումներ և չի կարող ներդրումներ իրականացնել ՀՀ-ում գրանցված և գործող այն կազմակերպություններում, որոնցում ֆոնդը, կառավարիչը, ֆոնդի փայատերերը կամ իրենց հետ փոխկապակցված անձինք մասնակցություն ունեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝   ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ

2016թ. նոյեմբերի 30, ք. Երևան   

 

Սույն պաշտոնական պարզաբանումը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հետ է կանչվել՝ 

հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասը