Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 288-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 149-Ն
11.09.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 288-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 23.09.2020
Նպատակ ունենալով սահմանել ներդրումային ծառայություններ մատուցող անձի՝ որպես շուկա ստեղծողի, գործունեության նկատմամբ գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշներից և գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներից բացառություններ, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» Կանոնակարգ 4/17-ը հաստատելու մասին թիվ 288-Ն որոշմամբ հաստատված «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» Կանոնակարգ 4/17-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները․
1) Կանոնակարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-12-րդ ենթակետերով.
« 7) շուկա ստեղծող՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը համաձայն կարգավորվող շուկայի օպերատորի կանոնների, կարգավորվող շուկայում շրջանառվող որևէ դասի արժեթղթի իրացվելիությունն ապահովելու նպատակով իրականացնում է շարունակական երկկողմանի գնանշումներ և իր անունից և իր հաշվին կնքում է տվյալ դասի արժեթղթերով գործարքներ,
8) թողարկող՝ այն թողարկողը, որի որևէ դասի արժեթղթի համար ներդրումային ծառայություններ մատուցող անձը շուկա ստեղծող է,
9) գնանշում՝ արժեթղթերով գործարքներ կնքելու նպատակով կարգավորվող շուկայի առևտրային համակարգում արժեթղթերի գնման կամ վաճառքի գնի հայտարարումը,
10) երկկողմանի գնանշում՝ արժեթղթերով գործարքներ կնքելու նպատակով կարգավորվող շուկայի առևտրային համակարգում արժեթղթերի առնվազն մեկ գնման և մեկ վաճառքի գնի միաժամանակյա հայտարարումը,
11) առևտրային նստաշրջան՝ օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարգավորվող շուկայի առևտրային համակարգում կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով իրականացվում է արժեթղթերի առևտուրը,
12) սպրեդ՝ շուկա ստեղծողի կողմից առևտրային համակարգում ներկայացված գնման և վաճառքի հայտերում նշված գների կամ դրանց համարժեք եկամտաբերությունների տարբերությունը, որը հաշվարկվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված կարգով։»,
2) Կանոնակարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) գործարքը կնքող անձը շուկա ստեղծող է, որը գործում է սույն կանոնակարգի Հավելված 4-ի պահանջներին և կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված շուկա ստեղծողի գործունեության վերաբերյալ կանոնին համապատասխան, որն առնվազն ներառում է․
ա. շուկա ստեղծողի կարգավիճակի շնորհման, կասեցման և դադարեցման հիմքերը և կարգը, ներառյալ՝ վաղաժամկետ դադարեցման դեպքում շուկայի օպերատորին տեղեկացման կարգը,
բ. շուկա ստեղծողի կողմից երկկողմանի գնանաշման ապահովման կարգն ու պայմանները, շուկա ստեղծողի սպրեդի չափը և հաշվարկման կարգը,
գ. շուկա ստեղծողի գործունեությանը ներկայացվող պահանջները, սահմանափակումները և արտոնությունները,
դ. շուկա ստեղծողի և նրա գործունեության նկատմամբ սահմանված պահանջների և սահմանափակումների պահպանման և վերահսկման կարգը,
ե. շուկա ստեղծողի գործունեության պատասխանատվությունը՝ իր գործունեության նկատմամբ սահմանված պահանջների խախտման համար։»,
3) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 4-ով՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մտնելու պահից մեկամսյա ժամկետում կարգավորվող շուկայի օպերատորը պետք է իր կանոնները համապատասխանեցնի սույն որոշմամբ սահմանված պահանջներին։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. սեպտեմբերի 16
Երևան