Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելոի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 142-Ն

28.08.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելոի մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 11.09.2020

Նպատակ ունենալով վերացնել կանոնակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը և Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի ««Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ը հաստատելու մասին» թիվ 335-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ֆոնդի եկամուտները և ծախսերը հաշվառվում են հաշվեգրման սկզբունքով, բացառությամբ ֆոնդի օտարերկրյա պահառուի մոտ հաշվառվող դրամական միջոցների և արժեթղթերի փոխանցման և վերջնահաշվարկի հետ կապված միջնորդավճարների և այլ վճարների, որոնք ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում ներառվում են ֆոնդի պահառուից ստացած համապատասխան հիմնավորող հաշվարկային փաստաթղթի ստացման ամսաթվով։»:
2) Կանոնակարգը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 կետով.
«8.1․ Եթե ֆոնդն ունի տարբեր դասերի փայեր, ապա յուրաքանչյուր դասի փայի հաշվարկային արժեքի հաշվարկն իրականացվում է առանձին՝ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի տվյալ դասին բաժին ընկնող մասի հիման վրա: Ընդ որում, տվյալ դասին բաժին ընկնող զուտ ակտիվների արժեքի հաշվարկն իրականացվում է տվյալ դասին բաժին ընկնող ֆոնդի ակտիվների և պարտավորությունների հիման վրա:»:
3) Կանոնակարգի 38-րդ կետում «հաշվեգրման սկզբունքով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված դեպքի» բառերը:
4) Կանոնակարգի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում սխալ բացահայտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այն ուղղել՝ բացառելով սխալի առկայությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հետագա հաշվարկում: Էական սխալի դեպքում փայի ուղղված հաշվարկային արժեքին կից պետք է ներկայացվեն ուղղման վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                         Մարտին Գալստյան

2020 թ. սեպտեմբերի 1
Երևան