Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքին աուդիտի կանոնադրությունը վերահաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 20 Ա
07.03.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքին աուդիտի կանոնադրությունը վերահաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և 25-րդ հոդվածը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքին աուդիտի կանոնադրության 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերահաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքին աուդիտի կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                             Մ. Գալստյան
Երևան


Հավելված

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2023 թվականի մարտի 7-ի թիվ 20 Ա որոշման

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


1. Սույն Կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (այսուհետ՝ Բանկ) Ներքին աուդիտի վարչության առաքելությունը, իրավասությունները և գործառույթները: Կանոնադրությունը հաստատվում է ՀՀ ԿԲ Խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից և ենթակա է վերանայման յուրաքանչյուր տարի:
Նպատակը և առաքելությունը
2. Բանկի Ներքին աուդիտի նպատակն է տրամադրել անկախ, անաչառ հավաստիացման և խորհրդատվական ծառայություններ՝ Բանկի գործառնությունները բարելավելու և արժեք ավելացնելու համար:
Ներքին աուդիտի վարչության առաքելությունն է պաշտպանել և բարելավել Բանկի արժեքները՝ մատուցելով ռիսկերի վրա հիմնված հավաստիացում և խորհրդատվություն:
Ներքին աուդիտի վարչությունն օգնում է Բանկին իրագործել իր նպատակները` հետևողական մոտեցմամբ գնահատելով և բարելավելով ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործընթացների արդյունավետությունը: Իր գործառույթների շրջանակներում Ներքին աուդիտի վարչությունը տալիս է ծախսերով արդարացված բարելավման առաջարկներ, որոնք համաձայնեցվում են ղեկավարության հետ և հսկվում մինչև իրականացումը:
Անկախությունը
3. Ներքին աուդիտի վարչությունն անկախ է Բանկի առօրյա գործառնություններից: Ներքին աուդիտորները չպետք է գործառնական պարտականություններ իրականացնեն և չպետք է հավաստիացում տրամադրեն այնպիսի ոլորտներում, որոնց համար նախորդ 12 ամսում կառավարչական կամ գործառնական պատասխանատվություն են կրել կամ որևէ այլ կերպ շահերի բախում ունեն:
4. Գլխավոր աուդիտորը ֆունկցիոնալ առումով հաշվետու է Խորհրդին և Աուդիտի կոմիտեին, իսկ վարչական առումով՝ Բանկի նախագահին և պարբերաբար հանդիպում է Աուդիտի կոմիտեի նախագահի և Բանկի նախագահի հետ:
Կազմակերպումը
5. Խորհուրդը
1) հաստատում է Ներքին աուդիտի վարչության կանոնադրությունը,
2) հաստատում է ռիսկերի վրա հիմնված աուդիտի տարեկան պլանը,
3) նշանակում և ազատում է աշխատանքից Գլխավոր աուդիտորին,
4) Գլխավոր աուդիտորից հաշվետվություններ է ստանում Ներքին աուդիտի պլանի կատարողականի և գործունեության հետ կապված այլ խնդիրների վերաբերյալ:

5․1․ Ներքին աուդիտի աուդիտորներին նշանակում է Նախագահը՝ Աուդիտի կոմիտեի դրական եզրակացության հիման վրա։

Իրավասությունը
6. Ներքին աուդիտի վարչությունը գործում է §ՀՀ Կենտրոնական բանկի մասին¦ ՀՀ օրենքի և սույն կանոնադրության, Բանկում աուդիտի անցկացումը սահմանող կարգերի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև Խորհրդի որոշումների, Բանկի նախագահի որոշումների և կարգադրությունների համաձայն:
7. Ներքին աուդիտի վարչությանն աուդիտի նպատակով հասանելի են Բանկի թղթային և էլեկտրոնային ողջ տեղեկատվությունը, բոլոր տարածքները, գույքը և անձնակազմը, համաձայն Բանկում գործող կարգերի: Հատուկ ռեժիմով պահվող փաստաթղթերի հետ աշխատանքը իրականացվում է Գլխավոր աուդիտորի գիտությամբ:
Ներքին աուդիտի վարչության կառուցվածքը
8. Ներքին աուդիտի վարչությունը ղեկավարում է Գլխավոր աուդիտորը:
9. Ներքին աուդիտի վարչությունն իր կառուցվածքում ունի երեք բաժին`
• Ֆինանսական աուդիտի բաժին,
• Գործառնական աուդիտի բաժին,
• Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի բաժին:
10. Ներքին աուդիտի վարչության բաժինների աշխատանքի կազմակերպումն ու ղեկավարումն իրականացվում է համապատասխան բաժինների պետերի կողմից, որոնք անմիջականորեն հաշվետու են Գլխավոր աուդիտորին:
Ներքին աուդիտի վարչության փոխհարաբերությունները Բանկի ստորաբաժանումների հետ
11. Բանկի ստորաբաժանումների ղեկավարները պետք է ակտիվ համագործակցեն Ներքին աուդիտի վարչության հետ: Նրանց միջև հարաբերությունները պետք է լինեն բաց և մշտական հիմքի վրա, որպեսզի Ներքին աուդիտի վարչությունը տեղեկացված լինի Բանկի գործառնական ռիսկերի մասին:
12. Ստորաբաժանումների ղեկավարներն իրենց կառավարման ներքո գտնվող գործընթացների յուրաքանչյուր կառուցվածքային, տեխնոլոգիական, այլ տիպի փոփոխությունների իրականացման նախաձեռնությունների մասին պետք է տեղեկացնեն Ներքին աուդիտի վարչությանը՝ գործընթացներում էական ռիսկերը հնարավորինս շուտ բացահայտելու և գնահատելու համար:
13. Ստորաբաժանումների ղեկավարները պետք է քայլեր ձեռնարկեն՝ Ներքին աուդիտի բացահայտած խնդիրները խելամիտ ժամկետներում լուծելու համար:
Հիմնական գործառույթները
Ներքին աուդիտի վարչությունն իրականացնում է §Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին¦ ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված գործառույթները, ինչպես նաև սույն կանոնադրությունով սահմանված այլ գործառույթներ.
14. Բանկի գործընթացների ռիսկայնության գնահատման հիման վրա աուդիտի տարեկան պլանի կազմում, որը պետք է հավանության արժանանա Աուդիտի կոմիտեում և հաստատվի Խորհրդի կողմից,
15. Կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության հետ կապված հավաստիացման և խորհրդատվական հանձնառությունների միջոցով աուդիտի տարեկան պլանի իրականացում,
16. Խորհրդի, Աուդիտի կոմիտեի, Բանկի նախագահի կամ Գլխավոր աուդիտորի հանձնարարությամբ հատուկ և չնախատեսված աուդիտորական հանձնառությունների իրականացում,
16.1 Խորհրդի, Աուդիտի կոմիտեի, Բանկի նախագահի հանձնարարությամբ Բանկի գործընկերներին հավաստիացման տրամադրում:
17. Ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործառույթների բարելավմանն ուղղված արդյունավետ լուծումների բացահայտում և ղեկավարության հետ համաձայնեցում: Այն դեպքում, երբ ստորաբաժանումների ղեկավարության հետ համաձայնության գալ չի հաջողվում, խնդիրը ներկայացվում է Բանկի նախագահի և Աուդիտի կոմիտեի ուշադրությանը: Վերջիններիս առաջարկությամբ խնդիրը կարող է ներկայացվել Խորհրդի քննարկմանը,
18. Բացահայտված խնդիրները խելամիտ ժամկետներում լուծելու հետստուգումային հսկողության իրականացում,
19. Աուդիտորական հանձնառությունների արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում ստորաբաժանումների ղեկավարներին, ներառյալ կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողական համակարգի վերաբերյալ գնահատականի տրամադրում,
20. Իր աշխատանքի և կատարողականի վերաբերյալ Խորհրդին և Աուդիտի կոմիտեին ամփոփագրերի ներկայացում՝ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների միջոցով,
21. Արտաքին աուդիտի, ինչպես նաև այլ հավաստիացման ու խորհրդատվական ծառայություններ տրամադրողների աշխատանքների կոորդինացում և տրված առաջարկությունների կատարման նկատմամբ հետստուգումային հսկողության իրականացում,
22. Իր գործունեությունն իրականացնելիս Ներքին աուդիտի վարչությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Բանկի իրավական ակտերով և Ներքին աուդիտորների ինստիտուտի կողմից հրապարակված Մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգի պարտադիր ուղեցույցներով՝ ներառյալ հիմնական սկզբունքները, ներքին աուդիտի սահմանումը, միջազգային ստանդարտները և էթիկայի կանոնները:

Որակի հավաստիացման և բարելավման ծրագիրը
23. Ներքին աուդիտի վարչությունը ներդրել է Որակի հավաստիացման և բարելավման ծրագիր, որն ընդգրկում է Ներքին աուդիտի վարչության գործունեության բոլոր ոլորտները: Ծրագիրը ներառում է Ներքին աուդիտի գործառույթի՝ Ներքին աուդիտի սահմանմանը և Ստանդարտներին, ինչպես նաև Էթիկայի կանոններին համապատասխանության գնահատումը: Ծրագիրը նաև գնահատում է Ներքին աուդիտի գործառույթի արդյունավետությունն ու նպատակայնությունը և բացահայտում զարգացման հնարավորություններ:
24. Գլխավոր աուդիտորը պետք է ներկայացնի Որակի հավաստիացման և բարելավման ծրագրի, ինչպես նաև ընթացիկ ներքին գնահատումների ու առնվազն հինգ տարին մեկ իրականացվող արտաքին գնահատումների արդյունքները Խորհրդին, Աուդիտի կոմիտեին և Բանկի նախագահին: