Ա/Ձ Ելենա Բաղդասարյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի իցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 186 Ա
31.10.2023

Ա/Ձ Ելենա Բաղդասարյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի իցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին

Նկարագրական մաս

Ա/Ձ Ելենա Բաղդասարյանը 04.10.2023թ.-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) է ներկայացրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմում: Ա/Ձ Ելենա Բաղդասարյանը հայտին կից Կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ով (այսուհետ՝ Կանոնակարգ 10) սահմանված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու համար ներկայացման ենթակա փաստաթղթերը:
Ուսումնասիրելով Կենտրոնական բանկ ներկայացված՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու փաթեթը՝ պարզվել է, որ փաստաթղթերը ներկայացված չեն Կանոնակարգ 10-ով սահմանված պահանջներին համապատասխան:
Մասնավորապես, Կանոնակարգ 10-ի 60-րդ կետի համաձայն՝ խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է uտանալ և խանութում փոխանակման կետի գործունեություն կարող է իրականացնել միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը: Ընդ որում, խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է տրամադրվել միայն այն իրավաբանական անձին, որը հանդիսանում է տվյալ խանութի առնվազն վեց հարյուր քառակուսի մետր տարածքի վրա (որից չորս հարյուր քառակուսի մետր առևտրի սրահի տարածքի վրա) գործունեություն ծավալող միակ իրավաբանական անձը (այլ ոչ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը):

Բացի այդ, ներկայացված փաթեթում բացակայում են մի շարք փաստաթղթեր, որոնք սահմանված են Կանոնակարգ 10-ի 3–րդ և 8-րդ գլուխներով, մասնավորապես՝
• ներկայացված չէ հայտարարություն բաժնետիրոջ (տնօրենի) կողմից առ այն, որ վերջինս չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար (համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի),
• ներկայացված չէ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը (պետական տուրքի չափը՝ 1 մլն ՀՀ դրամ),
• ներկայացված չէ տարածքի հատակագիծը` հաստատված իրավասու մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող մարմնի կողմից, որի վրա պետք է նշագրված լինի փոխանակման կետի դրամարկղի գտնվելու վայրը և այն նվազագույն տարածքը, որը բավարարում է Կանոնակարգ 10-ի 56-րդ և 57-րդ կետերի պահանջներին,
• ներկայացված չեն համապատասխան փաստաթղթեր առ այն, որ փոխանակման կետի տարածքը սարքավորված է շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգով և միացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությանը,
• ներկայացված չէ փոխանակման կետի աշխատակցի թեկնածու և վերջինիս վերաբերյալ դժբախտ պատահարներից ապահովագրության վկայագիր,
• ներկայացված չէ սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
• ներկայացված չեն հիմնավորումներ (համապատասխան լիցենզիա, ՀԴՄ կտրոն և այլն) այն մասին, որ դիմումատուն հանդիսանում է տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը։
Ներկայացված չեն ստորև թվարկված փաստաթղթերից որևէ մեկը՝
• Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ոստիկանության հետ կնքված պայմանագիրը և փաստաթուղթ` հաստատված Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից՝ փոխանակման կետում անվտանգության ազդարարման համակարգի և ազդարարման ուղիղ կապի ոտնակի սարքին լինելու մասին, կամ
• պայմանագիր` կնքված զինված անվտանգության ծառայության հետ՝ փոխանակման կետի տարածքի անվտանգության ապահովման վերաբերյալ կամ
• ապահովագրության պայմանագիր:

Պատճառաբանական մաս

Սույն որոշման նկարագրական մասում նշված փաստերի ամփոփման արդյունքում Կենտրոնական բանկը հանգում է հետևյալ եզրակացությանը.
• համաձայն Կանոնակարգ 10-ի 60-րդ կետի և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի 2-րդ կետի՝ խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է uտանալ և խանութում փոխանակման կետի գործունեություն կարող է իրականացնել միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը: Ընդ որում, խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է տրամադրվել միայն այն իրավաբանական անձին, որը հանդիսանում է տվյալ խանութի առնվազն վեց հարյուր քառակուսի մետր տարածքի վրա (որից չորս հարյուր քառակուսի մետր առևտրի սրահի տարածքի վրա) գործունեություն ծավալող միակ իրավաբանական անձ, մինչդեռ՝ դիմումատուն ցանկանում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել՝ որպես անհատ ձեռնարկատեր:

• Համաձայն Կանոնակարգ 10-ի 10-րդ կետի 1-ին ենթակետի՝ Կենտրոնական բանկը մերժում է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին:

Եզրափակիչ մաս

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Կանոնակարգ 10-ի 10-րդ կետի 1-ին ենթակետը, Կանոնակարգ 10-ի 60-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.10.2023թ. թիվ 44 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Ելենա Բաղդասարյանի 04.10.2023թ. դիմումը և կից փաստաթղթերը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Մերժել Ա/Ձ Ելենա Բաղդասարյանի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված՝ արտարժույթի առուվաճառքի գործունեության լիցենզիա ստանալու դիմումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ա/Ձ Ելենա Բաղդասարյանին սահմանված կարգով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                           Մ. Գալստյան
Երևան