Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2023 թվականի երրորդ եռամսյակ)
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 181-Ն
17.10.2023
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2023 թվականի երրորդ եռամսյակ)
Հրապարակման ամսաթիվ՝ 23.10.2023
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.5%-ի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2023թ. երրորդ եռամսյակ)
2023 թվականի հոկտեմբերի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ 1.5% մակարդակում[1]։
Կապիտալի հակացիկլիկ շեմի (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)) վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրո-ֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝
- Նախորդ եռամսյակի համեմատ Ֆինանսական ցիկլի ինդեքսը գրեթե չի փոփոխվել։ 2023թ. երրորդ եռամսյակի համար գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը[2] փոքր-ինչ աճել է և կազմել շուրջ 65%։ Թեև վերջինս շարունակում է պահպանվել իր երկարաժամկետ տրենդից ցածր մակարդակում (մոտ -9.5 տոկոսային կետ), նախորդ եռամսյակի համեմատ վարկեր-ՀՆԱ ճեղքվածքը նվազել է մոտ 0.5 տոկոսային կետով։ Միաժամանակ, հարկ է նշել, որ ֆինանսական համակարգի կողմից ապահովվել է տնտեսության բնականոն վարկավորման գործընթացը:
- Չնայած հիպոտեկային վարկերի տարեկան աճի տեմպի աստիճանական նվազմանը, վերջինս շարունակում է պահպանվել բարձր մակարդակում։ Միաժամանակ նկատվում է նոր տրամադրվող հիպոտեկային վարկերի տարեկան հոսքերի կայունացում և անշարժ գույքի գնի տարեկան աճի տեմպերի որոշակի մեղմացում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ անշարժ գույքի և հիպոտեկային շուկայի ցիկլային զարգացումները մեծ հավանականությամբ մոտ են վերին շրջման կետին։ Մեր գնահատումների համաձայն, անշարժ գույքի գնի՝ հիմնարարներով պայմանավորված մակարդակից շեղումը նախորդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոխվել[3], և անշարժ գույքի ու հիպոտեկային շուկայում գերտաքացման ռիսկերը պահպանվում են բարձր մակարդակում։
- Ընթացիկ ժամանակահատվածում ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի ցանկում շարունակում են առաջնային լինել աշխարհաքաղաքական միջավայրով պայմանավորված անորոշությունները և դրանցից ածանցվող ռիսկերը։ Միևնույն ժամանակ, չնայած վարկավորման աճի տեմպերի բարձրացման միտումներին, վարկավորման շուկայում զարգացումներն ընդհանուր առմամբ հավասարակշռված են և չեն պարունակում ավելցուկային (ռիսկային) վարկավորման ակնհայտ նախանշաններ։
Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում, Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել ԿՀԲ դրույքաչափը՝ պահպանելով այն 1.5% մակարդակում: ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից։
[1] Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով
[2] Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։ 2023թ․ երրորդ եռամսյակի գնահատականը նախնական է և կարող է հետագայում փոփոխվել՝ կախված ՀՆԱ փաստացի տվյալների հիման վրա վերահաշվարկի արդյունքներից։
[3] Անշարժ գույքի շուկայի գերտաքացումը գնահատվում է շուրջ 28%: Հարկ է նշել, որ այս գնահատականը հիմնված է այն ենթադրության վրա, որ դեռևս նախորդ տարվանից արձանագրված անշարժ գույքի վարձակալական վճարների աննախադեպ բարձր աճի տեմպերը ժամանակավոր բնույթ են կրում և երկարաժամկետ հեռանկարում կարող են չպահպանվել։ Առանց այս ենթադրության, անշարժ գույքի գերարժևորման գնահատված ռիսկի չափը ավելի փոքր է և կազմում է մոտ 19%: