Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 332-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 167-Ն
22.09.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 332-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 05.10.2023
Նպատակ ունենալով վերացնել ակտիվների կառավարման ոլորտում ներդրումային ընկերությունների կողմից ամբողջական ծառայությունների մատուցման խոչընդոտները,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակներ թույլատրելու և դրանց իրականացման համար պահանջներ սահմանելու մասին» թիվ 332-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «20-րդ հոդվածի «ե» կետով» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով» բառերով:
2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թույլատրել ներդրումային ընկերություններին, որպես ներդրումային ընկերության գործունեության հետ սերտորեն առնչվող լրացուցիչ գործունեության տեսակ` իրականացնել.
1) ֆինանսական շուկայի և ներդրումային ծառայությունների վերաբերյալ ֆինանսական գրագիտության բարձրացման հետ կապված գործունեություն,
2) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն, եթե ներդրումային ընկերությունը մատուցում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն:»:
3. Որոշման 1.1 կետը ճանաչել ուժը կորցրած:
4. Որոշման 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ներդրումային ընկերությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված լրացուցիչ գործունեության իրականացման համար պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայացնելով գործունեության իրականացման կարգը և պայմանները սահմանող ներքին իրավական ակտերը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված լրացուցիչ գործունեության իրականացման դեպքում ներկայացվում է նաև կրթական ծրագիրը:
3. Ներդրումային ընկերությունը սույն որոշման 2-րդ կետով սահմանված փաստաթղթերի փոփոխությունները պարտավոր է ներկայացնել Կենտրոնական բանկ` փոփոխությունները տեղի ունենալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:»:
5. Որոշման 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան