Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 165-Ն
 22.09.2023

Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 05.10.2023

Նպատակ ունենալով բարձրացնել փոխանակման կետերի գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև նախատեսել կարգավորումներ, որոնք ուղղված են կանխարգելելու հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ,
հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 10-ի 4-րդ և 5-րդ կետերի 7-րդ ենթակետերից, 6-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «, հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 511-Ն որոշման իմաստով» բառերը։
2) Կանոնակարգ 10-ի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով.
«10) հաշվետվություն` 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի հավելված 20-ի։»:
3) Կանոնակարգ 10-ի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) չեն պահպանվել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջները:»։
4) Կանոնակարգ 10-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ), Կենտրոնական բանկն այդ թերությունների մասին կարող է տեղեկացնել դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում ճշգրտված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, դիմումի մերժման համար հիմք կարող է լինել փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը: Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները փոփոխվել են, ապա դիմումատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից դիմումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում դիմումը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:»։
5) Կանոնակարգի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Սույն կանոնակարգի 35-րդ, 37-րդ և 41-րդ կետերով ներկայացված փաստաթղթերում թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումների) առկայության դեպքում Կենտրոնական բանկն այդ թերությունների մասին կարող է տեղեկացնել դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում ճշգրտված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, դիմումի մերժման համար հիմք կարող է լինել փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը: Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները փոփոխվել են, ապա դիմումատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները` մինչև Կենտրոնական բանկի կողմից դիմումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում դիմումը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:»։
6) Կանոնակարգ 10-ի 53-րդ կետում.
ա․1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) փոխանակման կետը սույն կանոնակարգի 103-րդ կետով սահմանված աշխատանքային ռեժիմի համաձայն մեկ տարվա (365 օրվա) ընթացքում գործունեություն չի իրականացրել կամ խախտել է 103.1-րդ կետով սահմանված պահանջը:»,
բ․ 4-րդ ենթակետից հանել 2-րդ նախադասությունը,
գ. 6-րդ ենթակետում «անհատ ձեռնարկատիրոջ» բառերից հետո լրացնել «կամ իրավաբանական անձի» բառերը,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետ.
«7) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում:»։
7) Կանոնակարգ 10-ի 54-րդ կետում «1 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա» բառերով։
8) Կանոնակարգ 10-ի 79-րդ կետի 4-րդ ենթակետում «քաղաքային» բառից հետո լրացնել «կամ բջջային» բառերը:
9) Կանոնակարգ 10-ը 103-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 103.1-րդ կետով.
«103.1 Փոխանակման կետը լիցենզիան ստանալուց հետո այդ պահից սկսած յուրաքանչյուր տարվա (365 օրվա) ընթացքում պետք է անընդմեջ աշխատի առնվազն 10 աշխատանքային օր:»:
10) Կանոնակարգ 10-ի 108.1-րդ կետում.
ա. առաջին և վերջին նախադասություններում «փոխանակման կետում առկա դրամական միջոցները» բառերը փոխարինել «փոխանակման կետի դրամական միջոցները» բառերով,
բ. վերջին նախադասությունը «դրամապահոցի մնացորդի» բառերից հետո լրացնել «, բանկային հաշվի մնացորդի» բառերով։
11) Կանոնակարգ 10-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 108.2-րդ կետով.
«108.2. Փոխանակման կետը, իր գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով, իր մոտ առկա դրամական միջոցները կարող է փոխանակել ՀՀ առևտրային բանկերում բացառապես անկանխիկ եղանակով: Այդ նպատակով փոխանակման կետը կանխիկ գումարը ելքագրում է էլեկտրոնային գրանցումների մատյանից, մուտքագրում է նշված գումարը իր բանկային հաշվին՝ հետագայում փոխանակում իրականացնելու նպատակով: Ընդ որում, բանկային հաշվին առկա միջոցները փոխանակման կետի կողմից կանխիկացնելու դեպքում, կանխիկացված գումարը՝ նույն չափով և համապատասխան արժույթով փոխանակման կետը պարտավոր է մուտքագրել իր էլեկտրոնային գրանցումների մատյան: Ընդ որում, փոխանակման կետը վերոնշյալ գործողությունները պետք է իրականացնի սույն կանոնակարգի 123.2-րդ և 123.3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանմամբ:»:
12) Կանոնակարգ 10-ը 111-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 111.1-րդ կետով.
«111.1. Փոխանակման կետը սույն կանոնակարգի հավելված 20-ով սահմանված տեղեկության փոփոխության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաշվետվությունը ներկայացվում է «փի-դի-էֆ» ֆորմատի ֆայլով:»:
13) Կանոնակարգ 10-ի 115-րդ կետի երրորդ նախադասությունում «գործարքի օր,» բառերից հետո ավելացնել «գործարքի տեսակ,» բառերը:
14) Կանոնակարգ 10-ի 123-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«123. Փոխանակման կետի դրամարկղում առկա դրամական միջոցների ամբողջ մնացորդը պետք է համապատասխանի էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալներին: Ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ աշխատանքային ժամերից հետո և ոչ աշխատանքային օրերին փոխանակման կետի ամբողջ տարածքում առկա գումարը (դրամական միջոցները) համարվում է փոխանակման կետի դրամական միջոցներ:»:
15) Կանոնակարգ 10-ի 123.1-րդ, 123.2-րդ և 123.3-րդ կետերում «փոխանակման կետում առկա դրամական միջոցների մնացորդը» բառերը փոխարինել «փոխանակման կետի դրամարկղում առկա դրամական միջոցների մնացորդը» բառերով:
16) Կանոնակարգ 10-ի 132-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել:
17) Կանոնակարգ 10-ը 133-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 134-րդ կետով.
«134. Մինչև 2023թ.-ի դեկտեմբերի 31-ը փոխանակման կետերը պարտավոր են 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) դատվածություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի հավելված 20-ի։ Ընդ որում դատվածությունը պետք է առաջացած լինի 2019 թվականի հուլիսի 27-ից հետո ընկած ժամանակահատվածում։»:
18) Կանոնակարգ 10-ի հավելված 1-ում՝
ա. «Լիցենզավորվող անձի մասին» աղյուսակը 1.8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.9-րդ ենթակետով.
«1.9. Էլեկտրոնային հասցեն (նշված հասցեով ծանուցման կամ տեղեկացման դեպքում, փոխանակման կետը համարվում է պատշաճ ձևով ծանուցված կամ տեղեկացված):»,
բ. «վարչական պատասխանատվության:» բառերից հետո լրացնել «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:» նախադասությունը փոխարինել «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկության որևիցե փոփոխության դեպքում այդ փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին «փի-դի-էֆ» ֆորմատի ֆայլով ներկայացնել համապատասխան փոփոխված տեղեկությունը:» նախադասությունը։
19) Կանոնակարգ 10-ի Հավելված 16-ում և Հավելված 17-ում «Արտոնագիր» և «Արտոնագրի No» բառերը փոխարինել համապատասխանաբար «Լիցենզիա» և «Լիցենզիայի համար» բառերով։
20) Կանոնակարգ 10-ի Հավելված 17-ում «111-րդ» բառը փոխարինել «114-րդ» բառով։
21) Կանոնակարգ 10-ը լրացնել հավելված 20-ով՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կամ գրանցման փուլում գտնվող փոխանակման կետերը սույն որոշման 1-ին կետի 18-րդ ենթակետի «ա» պարբերությամբ պահանջվող էլեկտրոնային հասցեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում։

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                    Մ. Գալստյան
Երևան