Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի թիվ 102-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 215-Ն
 14.12.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի թիվ 102-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022

Նպատակ ունենալով  բանկերի ներքին հսկողության համակարգին ներկայացվող պահանջներում ներառել ղեկավարների համապատասխանության գնահատմանը, մասնագիտական գիտելիքի ստուգմանը, որակավորմանը ներկայացվող պահանջները, հնարավորություն տալ բանկերին իրենց  գործունեության բնույթին և ղեկավարների պարտականություններին բնորոշ որակավորման համակարգ ձևավորել, բարձրացնել բանկերի շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում, հիմք ընդունելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի  2-րդ հոդվածի 3-րդ մասով,  20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, և 34-րդ հոդվածով՝  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 71-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները․

1) Կանոնակարգի Բաժին 3-ում «ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» բառերից հետո լրացնել «, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ», իսկ Գլուխ 3-ում «անձնակազմի կառավարում» բառերից հետո լրացնել «, ղեկավարների որակավորում և համապատասխանության գնահատում» բառերը,
2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով.

«20.1.Ներքին հսկողության համակարգը ղեկավարների մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգի առումով նվազագույնը նախատեսում է.

1) ղեկավարների մասնագիտական համապատասխանության գնահատման կարգը, ընթացակարգերը,
2) ղեկավարների «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջների ստուգման ընթացակարգերը,
3) ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման սկզբունքները և ընթացակարգերը, որակավորման գործընթացը, գնահատման սկզբունքները և գործընթացը, ընթացակարգերը, պատվիրակման դեպքում՝ որակավորող կազմակերպությանը ներկայացվող չափանիշները և ընտրության կարգը,
4) ղեկավարների որակավորման համապատասխանության ստուգման շարունակական ընթացակարգը,
5) Կենտրոնական բանկում գրանցվող ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, դրանց նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի , ք. Երևան