Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 14-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 223-Ն
14.12.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 14-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022
Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ ընթացակարգ՝ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 61.1-րդ հոդվածը, 184-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կանոնակարգի 23-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» պարբերությամբ.
«գ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
2) Կանոնակարգի 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.
«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
3) Կանոնակարգի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.
«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
4) Կանոնակարգը 9-րդ լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 9.1
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
50.1. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց՝ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:
50.2. Սույն կանոնակարգի 50.1-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու։
50.3. Սույն կանոնակարգի 50.2-րդ կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Կենտրոնական դեպոզիտարիային արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք:
50.4. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի:
50.5. Սույն կանոնակարգի 50.4-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի՝ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու համարվելու մասին Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
50.6. Անկախ սույն կանոնակարգի 50.5-րդ կետով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝
1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
2) փոփոխված տեղեկություններ Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառուների վերաբերյալ։
5) Կանոնակարգի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«68. Կենտրոնական դեպոզիտարիան լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր փոփոխության դեպքում փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում.
1) Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկատվական և այլ համակարգերի նվազագույն տեխնիկական պահանջների և հուսալիության` սույն կանոնակարգի 11-րդ գլխով սահմանված չափանիշների փոփոխությունների վերաբերյալ գրություն` ներկայացնելով նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից՝ սույն կանոնակարգի գլուխ 11-ով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը,
2) Կենտրոնական դեպոզիտարիայի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում՝ տվյալ փոփոխությունները ներառող հայտարարագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի:»:
6) Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։
7) Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի։
8) Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի։
9) Կանոնակարգը լրացնել Հավելված 19-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. դեկտեմբերի 21, ք. Երևան