Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 225-Ն
 14.12.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022

Նպատակ ունենալով հստակեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ համարվելու պահանջները, ինչպես նաև բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում, հիմք ընդունելով  հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» թիվ 115-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԱՄ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/05-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։

2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» Կանոնակարգ 10/05-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (այսուհետ՝ Կանոնակարգ 10/05):»։

3) Կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

3. Սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով սահմանված ղեկավարներին մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրված որակավորումները շարունակում են գործել մինչև տվյալ որակավորման ժամկետի ավարտը, եթե ղեկավարը շարունակում է գրանցված մնալ նույն կազմակերպությունում՝ նույն պաշտոնում:

4. Ներդրումային ֆոնդի կառավարիչը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով սահմանված ղեկավարի՝ ընկերության ներքին կանոններով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում, եթե.

1) տվյալ ղեկավարը գրանցվել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և շարունակում է պաշտոնավարել նույն կազմակերպությունում՝ նույն պաշտոնում, և Կենտրոնական բանկի կողմից նրան տրված որակավորման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լրացել է, կամ

2) Կենտրոնական բանկի կողմից տվյալ ղեկավարին տրված որակավորման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չի լրացել, սական ղեկավարը ներկայացվում է գրանցման նոր կազմակերպությունում:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից կանոնակարգով սահմանված ղեկավարների ցանկում չներառված և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ղեկավար գրանցված անձինք համարվում են Կենտրոնական բանկում գրանցումից հանված:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 21, ք. Երևան