ՀՀ դրամավարկային քաղաքականության 2004 թվականի ծրագիր

2004 Ներածություն

ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը կազմելու համար հիմք է ընդունվել անցումային և զարգացման փուլերում գտնվող երկրներում կիրառվող և առավելապես մակրոտնտեսական կայունացման ամրապնդմանն ուղղված մարոտնտեսական մոդել: Նշվածը պայմանավորված է այդ երկրներում դեռևս պահպանվող մակրոտնտեսական անհավասարակշռության և վճարային հաշվեկշռի խոցելիության որոշակի մակարդակների առկայությամբ: ՀՀ-ում կիրառվող մոդելի հիմքում սղաճի ցածր՝ մինչև 3% մակարդակի ապահովումն է՝ որպես մակրոտնտեսական կայունացմանը և երկարաժամկետ տնտեսական աճին նպաստող նախապայման: Տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվում է՝ ելնելով տնտեսության առանձին արտադրական ճյուղերում ակնկալվող զարգացումներից և ՀՆԱ-ի առկա պոտենցիալ մակարդակի գնահատումներից: Սղաճի, տնտեսական աճի և տնտեսության մնացած հատվածների ցուցանիշների կանխատեսումները փողի ագրեգատների նկատմամբ տնտեսության պահանջարկը և փողի առաջարկի փոփոխությունները ապահովող ուղիները գնահատելու հիմք են հանդիսանում: Ընդ որում, ՀՀ կենտրոնական բանկի կողմից փողի բազայի փոփոխությունները ապահովելու ուղիների ընտրությունը կատարվում է վճարային հաշվեկշռի կարգավորման նկատառումներից ելնելով և, ըստ այդմ էլ՝ սահմանվում է ներքին վարկավորման վերին սահմանը և զուտ արտաքին ակտիվների ներքին սահմանը:

2004 թվականին ՀՀ կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում կպահպանի փոխարժեքի ազատ լողացող ռեժիմի և գների կայունության ապահովմանը ուղղված դրամավարկային քաղաքականության ծավալային կարգավորման ռազմավարության սկզբունքները: Հարկ է նշել, որ 2003 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ-ն անդամագրվեց Արժույթի միջազգային հիմնադրամի՝ տվյալների օգտագործման հատուկ չափորոշիչին: Անդամագրումը կնպաստի ՀՀ վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության հստակեցմանը և ցուցանիշների հրապարակման թափանցիկության բարձրացմանը: Վերջինս էլ կօժանդակի վերլուծական և հետազոտական աշխատանքներում առավել ընդգրկուն և մեթոդապես հիմնավորված ցուցանիշների օգտագործմանը: 2004 թվականին դրամավարկային քաղաքականության իրականացման մակրոմիջավայրը 2003 թվականի համեմատությամբ կփոփոխվի՝ հիմնականում պայմանավորված պետբյուջեի եկամուտների և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում արտաքին ֆինանսական հոսքերի էական կրճատմամբ (Լինսի հիմնադրամի դրամաշնորհի և Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների վարկերի բացակայություն): Նշվածը էապես կնվազեցնի պետբյուջեի ազդեցությունը փողի առաջարկի վրա, ինչն էլ հնարավորություն կտա Կենտրոնական բանկին առավել արդյունավետ կառավարել այն: Հաջորդ առանձնահատկությունը 2003 թվականին մասնավոր հատվածում կապիտալ ներդրումների գրանցված աննախադեպ բարձր (41.3%) աճի տեմպի նվազումն է, որի արդյունքում ՀՆԱ-ում մասնավոր հատվածի կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը կպահպանի 2003 թվականի մակարդակը:

Վերը նշված երկու առանձնահատկությունների պայմաններում համախառն պահանջարկի աճի տեմպը 2004 թվականին զգալի կզիջի 2003 թվականին արձանագրված տեմպին, և մակրոտնտեսական միջավայրի զարգացումներն առավել մոտ կգտնվեն միջին ժամկետ տնտեսական ծրագրով ամրագրված դրույթներին: Մասնավորապես՝ գների մակարդակի վրա էական ճնշումներ չեն ակնկալվի, և Կենտրոնական բանկի կողմից մինչև 3% սղաճի ապահովումը կդառնա առավել իրատեսական: Տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվում է 7%-ի շրջանակներում, իսկ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը, որը 2003 թվականին աճել էր վերը նշված արտաքին ֆինանսական հոսքերի պայմաններում, կշարունակի նախորդ տարիներից նկատված նվազման միտումները: 2004 թվականին ֆինանսական հատվածում կշարունակվեն 2003 թվականից նկատված ֆինանսական կայունության ամրապնդման և միջնորդության աստիճանի աճի գործընթացները: Վերջինիս համար առկա են լուրջ նախադրյալներ, որոնցից կարելի է նշել ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝

  • ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման համակարգի ձևավորումը,
  • հիփոթեքային վարկերի շուկայի զարգացմանը ուղղված միջոցառումները,
  • վարկային ռեգիստրի ներդրումը,
  • նախատեսված այլ ինստիտուցիոնալ բնույթի միջոցառումների իրականացումը:

Ֆինանսական համակարգի զարգացմանն ուղղված նման միջոցառումները, խթանելով ֆինանսական միջնորդության աճը և ավանդների ներգրավումն ու տնտեսության վարկավորումը, էապես կնպաստեն դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Այն առավելապես կարտահայտվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների միջոցով, իրացվելիության կառավարմանը զուգահեռ, գործառնությունների տոկոսադրույքի՝ ֆինանսական շուկաների համար ուղղորդիչ դերի բարձրացմամբ: Արդյունքում՝ ՀՀ կենտրոնական բանկի համար տոկոսադրույքներն աստիճանաբար կդառնան նաև համախառն պահանջարկի կարգավորման գործիք՝ նպաստելով սղաճի առավել արդյունավետ կառավարմանը: