2008թ. նոյեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրություն

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2008թ. նոյեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2008 թ. նոյեմբերի 4-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Անդրանիկ Նորեկյանը, Գրիգոր Ղոնջեյանը և Վախթանգ Աբրահամյանը:

ՀՀ ԿԲ խորհրդի կողմից նոյեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշման կայացմանը նախորդեցին մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակի, գնաճի, տնտեսության արտաքին, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ցուցանիշների զարգացումների և ապագա ժամանակահատվածի ռիսկերի ներկայացումը:

Գնաճ

2008 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է 2.7 տոկոսային կետով՝ կազմելով 8.6%: Ընդ որում, պարենային ապրանքների գները հոկտեմբերին 12 ամսյա կտրվածքով աճել են 8.3%-ով, ոչ պարենային ապրանքների գները՝ 6.5%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 10.3%-ով:

Հոկտեմբեր ամսվա գնաճը հիմնականում պայմանավորվել է միրգ, բանջարեղեն և կարտոֆիլ, ինչպես նաև մսամթերք ապրանքախմբերի գների համապատասխանաբար 6.4% (նպաստումը գնաճին 0.2 տոկոսային կետ), 11.7% (նպաստումը գնաճին 0.6 տոկոսային կետ) և 1.1% աճերով (նպաստումը գնաճին 0.1 տոկոսային կետ), որը որոշակիորեն զսպվել է բենզինի գների 6.1% (նպաստումը գնաճին -0.2 տոկոսային կետ) և օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 7.0% նվազմամբ (նպաստումը գնաճին -0.1 տոկոսային կետ): Ընդ որում՝ հացամթերք ապրանքախմբում գների էական նվազում, որը ենթադրվում էր գնաճի կանխատեսման բազիսային սցենարում, դեռևս չի արձանագրվել:

Բնականոն գնաճը հոկտեմբեր ամսին կազմել է 0.1%, որի պարագայում 12-ամյսա գնաճը նախորդ ամսվան նույն ցուցանիշի համեմատ նվազել է 0.8 տոկոսային կետով՝ կազմելով 6.21%:

Արտաքին միջավայր

2008 թ. հոկտեմբեր ամսին ֆինանսական հաստատությունների կողմից վնասների բացահայտման, կառավարությունների միջամտման, կլանումների և միավորումների գործընթացը տարածվեց նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս, ինչը ստիպեց ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կառավարություններին շարունակել օպերատիվ գործողությունները: ԱՄՆ-ը և բոլոր առաջատար եվրոպական երկրները բարձրացրեցին երաշխավորված ավանդների գումարները և խոշորածավալ դրամական ներարկումների իրականացրեցին, իսկ հոկտեմբերի ութին Ֆեդերալ պահուստային համակարգը, Եվրոպական կենտրոնական բանկը և այլ եվրոպական առաջատար ԿԲ-ներ միաժամանակ իջեցրեցին տոկոսադրույքը 0.5-ական տոկոսային կետով: Այս գործողությունները, սակայն, դեռևս էական ազդեցություն չունեցան, և ընդհանուր առմամբ բոլոր ֆինանսական շուկաները շարունակում են դրսևորել  խիստ տատանողական վարքագիծ: Միաժամանակ, համաշխարհային տնտեսական հեռանկարները շարունակում են էապես վատթարանալ: Այսպես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հոկտեմբեր ամսին նախորդ ամսվա նկատմամբ էապես նվազեցրեց համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումների մակարդակը՝ ակնկալելով 2009թ. 2.2 տոկոս մակարդակ (սեպտեմբեր ամսի կանխատեսումն էր 3.0 տոկոս), ընդ որում զարգացած երկրներում կանխատեսվում է 0.3 տոկոս տնտեսական անկում (սեպտեմբերի կանխատեսումն էր 0.5 տոկոս աճ): Հատկանշական են նաև Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումները, որը իջեցվել է 2.0 տոկոսային կետով, սահմանելով 3.5 տոկոս մակարդակի վրա:

Իրացվելիության սակավության և համաշխարհային տնտեսական աճի նվազման պայմաններում արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները հոկտեմբեր ամսին շարունակեցին թուլանալ՝ հիմնականում գրանցելով ավելի ցածր մակարդակ, քան Կենտրոնական բանկի կանխատեսումներն էին: Նավթի միջազգային գները նվազեցին ավելի քան 20 ԱՄՆ դոլարով՝ միջինում կազմելով մոտ 73 ԱՄՆ դոլար Brent տեսակի հում նավթի բարելի համար (նախորդ ամսին 99,06), իսկ ամսվա վերջին իջավ մինչև 60 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց մակարդակին: Սա հիմնականում պայմանավորված է համաշխարհային տնտեսական աճի նվազման և նավթի ապագա պահանջարկի թուլացման սպասումներով:

Եվ հումքային, և ապրանքային շուկաներում գների նվազումը շարունակվեց նաև հոկտեմբեր ամսին: Այսպես՝ ոսկու գները միջինում կազմեցին 805 ԱՄՆ դոլար տրոյական ունցիայի դիմաց (նախորդ ամսին 829 ԱՄՆ դոլար) ամսվա վերջին նվազելով մինչև 721 ԱՄՆ դոլար տրոյական ունցիայի դիմաց: Արդյունաբերական մետաղների գները աննախադեպ անկում ապրեցին, մասնավորապես՝ պղնձի մասով Լոնդոնի մետաղների բորսայում հոկտեմբեր ամսվա ընթացքում գները հասան մինչև 4000 ԱՄՆ դոլար տոննայի դիմաց՝ գրանցելով գների 29.6 տոկոս նվազում նախորդ ամսվա նկատմամբ, իսկ տ/տ նվազումը կազմեց 39 տոկոս:

Պարենային ապրանքների մասով շարունակվեց գների նվազումը: Չիկագոյի ապրանքահումքային բորսայում հացահատիկի գները նվազեցին ևս մոտ 1.6 ԱՄՆ դոլարով՝ միջինում կազմելով 6.5 ԱՄՆ դոլար բուշելի դիմաց: Նվազումը շարունակում է տեղի ունենալ 2008/2009 մարքետինգային տարվա աննախադեպ բարձր բերքի ակնկալիքներից ելնելով, ինչպես նաև համաշխարհային պահանջարկի էական կրճատմամբ պայմանավորված: Բրնձի գինը նույնպես նվազեց մոտ 3 ԱՄՆ դոլարով ամերիկյան ցենտների դիմաց (45.3 կգ)՝ կազմելով մոտ 16.4 ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերում է մյուս ապրանքներին, մասնավորապես շաքարավազին և կարագին, ապա շաքարավազը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 12 տոկոսով, իսկ կարագի գինը աճել է մոտ 6 տոկոսով:

Ֆինանսական շուկաներում ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակեց արժևորվել նաև այս ամիս 1.4 ԱՄՆ դոլար եվրոյի դիմաց փոխարժեքից հասնելով մինչև 1.25 մակարդակը՝ հիմնականում պայմանավորված եվրոգոտու տնտեսական սպասումների շարունակվող վատթարացմամբ: Հոկտեմբեր ամսին հիմնականում պայմանավորված տնտեսական անկմամբ և ապագա գնաճային ճնշումների էական թուլացմամբ՝ Ֆեդերալ Պահուստային Համակարգը ևս մեկ անգամ իջեցրեց տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 1 տոկոս մակարդակի վրա: Նոյեմբերի սկզբին եվրոպական կենտրոնական բանկերը նույնպես շարունակեցին տոկոսադրույքների նվազեցումները համաշխարհային տնտեսական աճի հետագա թուլացման կանխատեսումների ներքո: Հատուկ կարելի է նշել Անգլիայի բանկի կողմից տոկոսադրույքների աննախադեպ նվազեցումը 4.5 տոկոսից մինչև 3 տոկոս:

Համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վատթարացման հումքային ապրանքների պահանջարկի թուլացման սպասումների միջոցով արդեն իսկ ձևավորեց զգալի գնանկումային ներուժ, որի ազդեցությունը Հայաստանի տնտեսությունում գների ճշգրտման ուղղությամբ դեռևս ունի դանդաղ ընթացք: