«Քարենսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 242 Ա
 10.11.2017

«Քարենսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Նկարագրական մաս.

«Քարենսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն) 10.10.2017թ.-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ նաև Կենտրոնական բանկ) է ներկայացրել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտ: Ընկերությունը հայտին կից Կենտրոնական բանկ է ներկայացրել Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 4-ի թիվ 135 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 12-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 12) 5-րդ կետով սահմանված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացման ենթակա փաստաթղթերը:

Կենտրոնական բանկը 20.10.2017թ.-ին գրություն է ուղարկել «Քարենսի» ՍՊԸ-ին՝ Ընկերության իրականացվելիք գործունեության մասին որոշակի տեղեկություններ պարզաբանելու նպատակով:

Ի պատասխան Կենտրոնական բանկի 20.10.2017թ.-ին գրության՝ Ընկերությունը 23.10.2017թ.-ի գրությամբ ներկայացրել է որոշակի տեղեկատվություն:

Ընկերության գործունեության մանրամասների վերաբերյալ ստացված տեղեկությունները բավարար չհամարելով, Կենտրոնական բանկը 27.10.2017թ.-ին` մեկ անգամ ևս գրություն է ներկայացրել «Քարենսի» ՍՊԸ-ին, նշելով, որ Կենտրոնական բանկի կողմից պահանջվող տեղեկությունները ամբողջությամբ չեն բացահայտվել, և առաջարկվել է ներկայացնել ամբողջական պատասխաններ Կենտրոնական բանկի կողմից մատնացույց արված հարցերին:

Ընկերությունը 30.10.2017 թվականի գրությամբ ներկայացրել է Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշ տեղեկություններ:

Պատճառաբանական մաս.

Սույն որոշման նկարագրական մասում նշված գործընթացներից հետո Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է Ընկերության վերը նշված հայտի քննություն, որի ընթացքում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է հետևյալը.

  1. «Քարենսի» ՍՊԸ-ի ինտերնետային կայքում (www.currencii.am) նշված է, որ «Քարենսի» ՍՊԸ-ն օնլայն արտարժույթի փոխանակման հարթակ է, որը Կենտրոնական բանկի կողմից լիցենզիայի հիման վրա իրականացնում է արտարժույթի առք և վաճառքի գործունեություն՝ շուկայականից անհամեմատ ավելի էժան փոխարժեքով:
  2. Կայքում տեղադրված են արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակներ:
  3. Ընկերության կայքում նշված է, որ «Քարենսի» ՍՊԸ-ն առաջարկում է ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանակել արտարժույթը միմյանց մեջ և խնայել յուրաքանչյուր փոխանակման համար միջինում 100.000 ՀՀ դրամ:
  4. «Քարենսի» ՍՊԸ-ն facebook.com կայքի իր էջում տեղադրել է Լրատվական ռադիո FM 106.5-ի հարցազրույցը «Քարենսի» ՍՊԸ հիմնադիր Վահագն Գրիգորյանի հետ: Հարցազրույցի ընթացքում վերջինս նշել է, որ իրենց խնդիրը, որպես հարթակ, կայանում է նրանում, որ կապեն արժույթի գնողներին և վաճառողներին իրար հետ:
  5. Այս հարցազրույցի ընթացքում Վահագն Գրիգորյանը նշել է, որ Ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացրել լիցենզավորման հայտ և օրերի խնդիր է լիցենզիա ստանալը, ինչով վերջինս անուղղակիորեն հաստատել է այն փաստը, որ Ընկերությունը ներկայացրել է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզիա ստանալու հայտ: Վերոնշյալ հարցազրույցի ընթացքում Վահագն Գրիգորյանը բացահայտել է «Քարենսի» ՍՊԸ-ի գործունեության մանրամասները, որոնք Կենտրոնական բանկ չեն ներկայացվել:

Բացի այդ, Ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրությունից հստակ չի ուրվագծվում Ընկերության գործունեության բնութագիրը: Մասնավորապես, կան հատկանիշներ, որոնք համահունչ են գործունեությունը, որպես արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն որակելուն, ինչպես նաև կան հատկանիշներ, որոնք բնորոշ են արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձի գործունեությանը:

«Քարենսի» ՍՊԸ-ի գործունեության իրական նկարագիրը բացահայտելու նպատակով  Կենտրոնական բանկի կողմից 20.10.2017թ. և 27.10.2017թ. ուղարկված գրություններին Ընկերության կողմից սպառիչ և բավարար պատասխաններ չեն տրվել Կենտրոնական բանկի կողմից բարձրացված հարցադրումներին, ինչը թույլ կտար Կենտրոնական բանկին բացահայտել Ընկերության գործունեության թե՛ իրավական, և թե՛ բովանդակային կողմերը:

Այնուամենայնիվ, առկա տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև քննության առնելով Ընկերության կայքը և ֆեյսբուքյան էջում տեղադրված Լրատվական ռադիո FM 106.5-ի հարցազրույցը, հնարավոր է դառնում պարզել հետևյալը՝

1. Ընկերության գործունեության վերաբերյալ առկա են իրարամերժ տեղեկատվություններ՝ մասնավորապես,

  • Ընկերության կայքում տեղադրված «Ընդհանուր դրույթները և պայմանները» բաժնում առկա տեղեկատվությունից երևում է, որ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության ընթացքում գործակալական պայմանագիր է կնքվելու հաճախորդների հետ, համաձայն որի, Ընկերությունը մի հաճախորդից հայտը ընդունելուց հետո գտնելու է մեկ այլ կազմակերպություն՝ գործարքը կնքելու համար: Սակայն, Ընկերությունից ստացված պատասխան-գրությունների մեջ արծարծվում է այն գաղափարը, որ ինքն է հանդես գալու որպես գործարքի կողմ.
  • Ընկերության կայքի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել նաև, որ տրամադրում է հարթակ արտարժույթի առաջարկ և պահանջարկ ունեցողների համար՝ սահմանելով ֆիքսված մարժաներ գործարքների կատարման համար: Բացի այդ, կայքում Ընկերությունը պարբերաբար իրականացնելու է արտարժույթի գնանշում:

2. Թեև առկա է նման հակասական տեղեկատվություն, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ Ընկերության գործունեության կազմակերպման առանցքային բնութագրիչն այն է, որ Ընկերությունը կանոնավոր կերպով արտարժույթի առուվաճառքի հանդիպման վայր կամ միջոց է կազմակերպում՝ օգտագործելով տեխնիկածրագրային միջոցների համակարգ, ինչը բնորոշ է բացառապես սակարկությունների կազմակերպված գործունեությանը:

«Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ի 10-րդ կետի 1-ի մասի համաձայն Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ներկայացված հայտը, եթե ներկայացված փաստաթղթերը հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին:

«Քարենսի» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոնական բանկ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզիայի ստանալու համար՝ մինչդեռ կատարված վերլուծությունները հիմք են տալիս ենթադրել, որ «ՔԱՐԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատրաստվում է իրականացնել արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպում, որի համար անհրաժեշտ է ստանալ Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» Կանոնակարգ 11-ի պահանջների համաձայն: Հաշվի առնելով վերը նշվածը, Ընկերության ներկայացրած հայտը հակասում է օրենքներին և այլ իրավական ակտերին:

Եզրափակիչ մաս.

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 4-ի թիվ 135 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ի 10-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 52 արձանագրություն) և «Քարենսի» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտը և կից փաստաթղթերը, 2017 թվականի հոկտեմբերի 23-ի և 2017 թվականի հոկտեմբերի 30-ի գրությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Մերժել «Քարենսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված՝ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
  3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. նոյեմբերի 10, ք. Երևան