«Քարենսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հայաստանի հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 225 Ա
 29.09.2017

«Քարենսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հայաստանի հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Նկարագրական մաս.

«Քարենսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն) 02.08.2017թ.-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) է ներկայացրել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտ: Ընկերությունը հայտին կից Կենտրոնական բանկ է ներկայացրել Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 4-ի թիվ 135 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 12-ի 5-րդ կետով սահմանված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացման ենթակա փաստաթղթերը: Ընկերությունը 08.08.2017թ-ին ի լրումն ներկայացրել է գրություն՝ կից փաստաթղթերով:

Կենտրոնական բանկը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի մայիսի 4-ի թիվ 135 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 12-ի (այսուհետ՝ «ԿԲ կանոնակարգ 12») 10.1-րդ կետով, 16.08.2017 թվականի թիվ 15.4-08/001808-17 գրությամբ (այսուհետ՝ «ԿԲ գրություն») պատշաճ ձևով նախազգուշացրել է (մատնացույց է արել) Ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերում առկա թերությունները՝ առաջարկելով 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել համապատասխան շտկումներ, ներկայացնել բացակայող փաստաթղթերը, ինչպես նաև պարզաբանել լիցենզավորման համար նշանակություն ունեցող  որոշակի փաստեր:  

Ի պատասխան «ԿԲ գրության»՝ Ընկերությունը 30.08.2017թ.-ի գրությամբ նախ խնդրել է իր կողմից ներկայացված լիցենզիայի ստացման հայտին ընթացք չտալ, այնուհետև 31.08.2017թ.-ի, 01.09.2017թ.-ի, 07.09.2017թ.-ի և 20.09.2017թ.-ի գրություններով ներկայացրել է «ԿԲ գրությամբ» պահանջվող տեղեկատվությունը (կից փաստաթղթերով):

Պատճառաբանական մաս.

Սույն որոշման նկարագրական մասում նշված գործընթացներից հետո Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է Ընկերության վերը նշված հայտի քննություն, որի արդյունքում պարզվել է հետևյալը.

  1. Ընկերության կողմից Կենտրոնական բանկ չի ներկայացվել 30.08.2017թ.-ի «Անշարժ գույքի մասի անհատույց օգտագործման» պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը: Նշված թերությունը Կենտրոնական բանկի կողմից մատնացույց է արվել «ԿԲ գրության» 2-րդ կետով, սակայն Ընկերությունն այն չի շտկել:

Եզրափակիչ մաս.

Հաշվի առնելով վերոգրյալ փաստերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը  (2017 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 45 արձանագրություն), հիմք ընդունելով «ԿԲ կանոնակարգ 12»-ի 10-րդ կետի 1-ին ենթակետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով՝  Կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Մերժել «Քարենսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 02.08.2017թ.-ին Կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու հայտը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Քարենսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Քարենսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
  3. Սույն որոշումը ուժի մեջ մտնելուց 15-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2017 թ. սեպտեմբերի 29, ք. Երևան