«ԷՄ ԹԻ ԷՄ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 200 Ա
15.09.2017
«ԷՄ ԹԻ ԷՄ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ
Նկարագրական մաս.
«ԷՄ ԹԻ ԷՄ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ նաև՝ Ընկերություն) 18.07.2017թ.-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) է ներկայացրել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու դիմում (հայտ): Նշված դիմում-հայտով Ընկերությունը խնդրել է տրամադրել վճարահաշվարկային կազմակերպության դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա: Ընկերությունը դիմումին կից Կենտրոնական բանկ է ներկայացրել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Կենտրոնական բանկը, ղեկավարվելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 6.1-րդ մասով, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 17/01-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 17/01) 12-րդ և 20-րդ կետերով, 15.08.2017թ.-ի թիվ 15.5-08/001795-17 գրությամբ (այսուհետ՝ «ԿԲ գրություն») մատնացույց է արել Ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերում առկա թերությունները՝ առաջարկելով Կանոնակարգ 17/01-ով սահմանված 10-օրյա ժամկետում իրականացնել համապատասխան շտկումներ, պարզաբանումներ և ներկայացնել բացակայող փաստաթղթերը:
Ի պատասխան «ԿԲ գրության»՝ 22.08.2017թ.-ին Ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացրել գրություն (կից փաստաթղթերով):
Պատճառաբանական մաս.
Սույն որոշման նկարագրական մասում նշված գործընթացներից հետո Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է Ընկերության վերը նշված դիմումի (հայտի) քննություն, որի արդյունքում պարզվել են ստորև ներկայացված փաստերը.
- Ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված գործունեության տնտեսական ծրագրի համաձայն Ընկերությունը մտադիր է մատուցել հետևյալ ծառայությունները ՝ հաճախորդների բանկային և այլ հաշիվների կառավարում, կանխիկ արտարժույթի առուվաճառք, ֆինանսական խորհրդատվություն, մինչդեռ Կանոնակարգ 17/01-ի 17-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճարահաշվարկային կազմակերպությունը չի կարող այլ գործունեությամբ զբաղվել (ընդ որում՝ Կենտրոնական բանկ ներկայացված առաջիկա 3 (երեք) տարիների տնտեսական ծրագրում ներկայացված կանխատեսումներում հիմնականում ներկայացվել են նշված ծառայությունների մասով ակնկալվող եկամուտները): Նշված թերությունը Կենտրոնական բանկի կողմից մատնացույց է արվել «ԿԲ գրության» տնտեսական ծրագրի վերաբերյալ 4-րդ կետով, սակայն Ընկերությունն այն չի շտկել:
- Կանոնակարգ 17/01-ի 17-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Ընկերությունը պարտավոր է լիցենզավորման փաթեթին կից Կենտրոնական բանկ ներկայացնել Ընկերության գործունեության վայրում պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և անվտանգության ազդարարման համակարգերի առկայությունը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագրերը), սակայն Ընկերությունը դրանք չի ներկայացրել: Նշված թերությունը կենտրոնական բանկի կողմից մատնացույց է արվել «ԿԲ գրության» 1-ին կետով, սակայն Ընկերությունը նշված փաստաթղթերը չի ներկայացրել:
- Ընկերության գլխավոր հաշվապահին համապատասխան որակավորում տրամադրելու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրված վկայական, որը չի համապատասխանում նշված պաշտոնի համար Կենտրոնական բանկի սահմանած որակավորման պահանջներին, ուստի Ընկերությունը պետք է Կենտրոնական բանկ ներկայացներ Ընկերության գլխավոր հաշվապահի՝ Կենտրոնական բանկում անցկացվող որակավորման քննությանը մասնակցելու միջնորդագիր, որը չի ներկայացվել: Նշված թերությունը Կենտրոնական բանկի կողմից մատնացույց է արվել «ԿԲ գրության» 2-րդ կետով, սակայն Ընկերությունը այն չի շտկել:
- Կենտրոնական բանկ ներկայացված առաջիկա 3 (երեք) տարիների տնտեսական ծրագրի Հավելված 4-ի Ձև 1-ում «Այլ ակտիվներ», «Այլ դեբիտորական պարտքեր», «Այլ կրեդիտորական պարտքեր, ինչպես նաև Ձև 2-ում «Գործառնությունների գծով ստացված եկամուտներ», «Գործառնությունների գծով ստացված ծախսեր», «Համախառն շահույթ (վնաս)» հասկացությունների վերաբերյալ «ԿԲ գրության» տնտեսական ծրագրի վերաբերյալ 2-րդ և 3-րդ կետերով պահանջվել էր ներկայացնել համապատասխան պարզաբանումներ, սակայն Ընկերության կողմից չեն ներկայացվել պահանջվող պարզաբանումները:
- Կենտրոնական բանկ ներկայացված առաջիկա 3 (երեք) տարիների տնտեսական ծրագրում «գործառնական նպատակ» հասկացությունը ներկայացված է որպես բանկային գործունեությանը բնորոշ ռիսկերի բացահայտում ու կառավարում: Ավելին, Ընկերությանը բնորոշ հիմնական ռիսկերի թվում ներկայացված է նաև «Արժութային ռիսկը», որն Ընկերությունը ձգտելու է զսպել օրական կտրվածքով ունենալով հնարավորինս փոքր բաց կամ փակ արժութային դիրք, մինչդեռ նշված ռիսկերը վճարահաշվարկային կազմակերպության համար ոչ էական են: Նշված թերությունը Կենտրոնական բանկի կողմից մատնացույց է արվել «ԿԲ գրության» տնտեսական ծրագրի վերաբերյալ բաժնի վերջին պարբերությամբ, սակայն Ընկերությունն այն չի շտկել:
- Կենտրոնական բանկ ներկայացված առաջիկա 3 (երեք) տարիների տնտեսական ծրագրում պոտենցիալ մրցակիցների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է սխալ (թերի), մասնավորապես՝ «Թել-Սել» ՓԲԸ-ն նշված է որպես դրամական փոխանցումներ չիրականացնող ընկերություն: Նշված թերությունը Կենտրոնական բանկի կողմից մատնացույց է արվել «ԿԲ գրության» տնտեսական ծրագրի վերաբերյալ բաժնի վերջին պարբերությամբ, սակայն Ընկերությունն այն չի շտկել:
Եզրափակիչ մաս.
Հաշվի առնելով վերոգրյալ փաստերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 43 արձանագրություն), հիմք ընդունելով Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը, Կանոնակարգ 17/01-ի 12-րդ և 20-րդ կետերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով՝ Կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Մերժել «ԷՄ ԹԻ ԷՄ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 18.07.2017թ.-ին Կենտրոնական բանկ ներկայացված՝ վճարահաշվարկային կազմակերպության դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիայի ստացման դիմումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՄ ԹԻ ԷՄ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստացման օրվանից:
- Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. սեպտեմբերի 15, ք. Երևան