«Մարիուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 297 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 195 Ա
01.09.2017
«Մարիուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 297 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Նկարագրական մաս.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ նաև՝ Կենտրոնական բանկ) ֆինանսական վերահսկողության վարչության կողմից հայտնաբերվել և 18.07.2017թ.-ի թիվ 230/2 արձանագրությամբ արձանագրվել է «Մարիուս» ՍՊԸ գրավատան (այսուհետ նաև՝ Գրավատուն) կողմից թույլ տրված հետևյալ խախտումը.
Գրավատան կողմից Կենտրոնական բանկ ներկայացված 2017թ.-ի ապրիլ ամսվա Ձև թիվ 1 հաշվետվության 5-րդ՝ «Ապահովագրական գումարի չափ» սյունակի 1-29-րդ տողերը լրացված են սխալ՝ 22,000 հազ. ՀՀ դրամ փոխարեն լրացված են 220,000 հազ. ՀՀ դրամ:
Նկարագրված փաստերը հանգեցնում են «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի խորհրդի 2015թ. փետրվարի 10-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգի» 7-րդ կետով սահմանված պահանջների խախտմանը:
Պատճառաբանական մաս.
Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության 19.07.2017թ.-ի թիվ 13-22/001579-17 ծանուցմամբ Գրավատանն ուղարկվել է վերը նկարագրված խախտման վերաբերյալ 18.07.2017թ.-ի թիվ 230/2 արձանագրությունը:
Գրավատունը 22.07.2017թ.-ին ստացել է թույլ տրված խախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը, ինչպես նաև տեղեկացել է 16.08.2017թ.-ին Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստում իր կողմից թույլ տրված խախտման քննարկմանը մասնակցելու իրավունքի մասին, առաջարկվել է 7-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր բացատրություններ:
Գրավատունը 7-օրյա ժամկետում գրավոր բացատրություններ կամ առարկություններ չի ներկայացրել Կենտրոնական բանկ:
16.08.2017թ.-ին Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում տեղի են ունեցել 18.07.2017թ.-ի թիվ 230/2 արձանագրությամբ արձանագրված խախտման հիման վրա հարուցված վարույթի լսումներ, որին Գրավատան ներկայացուցիչները չեն ներկայացել (լսումներն արձանագրվել են 16.08.2017թ.-ի թիվ 39 արձանագրությամբ):
Կենտրոնական բանկը 18.07.2017թ.-ի թիվ 230/2 արձանագրության հիման վրա հարուցված պատասխանատվության միջոցի կիրառման վարույթի քննության ընթացքում պարզել է, որ Կենտրոնական բանկի նախագահի 16.03.2016թ.-ի թիվ 1/155Ա որոշմամբ Գրավատան նկատմամբ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի ժբ) կետի հիմքով կիրառվել է տուգանք` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով, իսկ սույն վարույթի համար հիմք հանդիսացող խախտումը նշված որոշումից հետո 2 (երկու) տարվա ընթացքում Գրավատան կողմից թույլ տրված երրորդ խախտումն է, որի համար տուգանք է նախատեսված Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մասնավորապես՝ Կենտրոնական բանկի նախագահի 16.03.2016թ.-ի թիվ 1/155Ա որոշմանը հաջորդող 2 (երկու) տարիների ընթացքում Գրավատան կողմից թույլ են տրվել ստորև ներկայացված խախտումները.
1-ին խախտումը թույլ է տրվել 13.04.2016թ.-ին, արձանագրվել է 06.06.2016թ.-ի թիվ 230/4 արձանագրությամբ, 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով տուգանք է կիրառվել Կենտրոնական բանկի նախագահի 12.07.2016թ.-ի թիվ 1/488Ա որոշմամբ, տուգանքի համար հիմք է հանդիսացել Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետը,
2-րդ խախտումը թույլ է տրվել 18.03.2017թ.-ին, արձանագրվել է 25.04.2017թ.-ի թիվ 230/1 արձանագրությամբ, 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով տուգանք է կիրառվել Կենտրոնական բանկի նախագահի 01.06.2017թ.-ի թիվ 1/432Ա որոշմամբ, տուգանքի համար հիմք է հանդիսացել Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ժդ) կետը,
3-րդ խախտումը թույլ է տրվել 01.06.2017թ.-ին, արձանագրվել է 18.07.2017թ.-ի թիվ 230/2 արձանագրությամբ, տուգանքի համար հիմք է հանդիսանում Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ժբ) կետը:
Կենտրոնական բանկը պարզել է նաև, որ վերը հիշատակված 2 (երկու) տարիների ընթացքում Գրավատան կողմից թույլ է տրվել այլ խախտում ևս, որի համար Կենտրոնական բանկի նախագահի 18.05.2016թ.-ի թիվ 1/336Ա որոշմամբ Գրավատան նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Ավելին, Կենտրոնական բանկի նախագահի 12.07.2016թ.-ի թիվ 1/488Ա որոշմամբ Գրավատան նկատմամբ կիրառվել է 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով տուգանք այս անգամ արդեն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար:
Նկարագրված փաստական հանգամանքների համակցությամբ՝ Կենտրոնական բանկը 18.07.2017թ.-ի թիվ 230/2 արձանագրությամբ արձանագրված խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելիս հիմք է ընդունել ստորև ներկայացված իրավանորմերը.
Օրենքի 16-րդ հոդվածի դ) կետը, որի համաձայն՝ «Սույն օրենքի խախտման դեպքերում լիազոր մարմինը գրավատների նկատմամբ կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները` դ) լիցենզիայի գործողության դադարեցում»,
Օրենքի 20-րդ հոդվածի 1-րդ մասի գ) կետը, որի համաձայն՝ «Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝
գ) եթե գրավատունը սույն օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում»:
Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը հարկ է համարում անդրադառնալ դատական կարգով բողոքարկման դեպքում սույն որոշման կատարման (կասեցման) հարցին:
Նշված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն՝ «1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ 1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման. 2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով, որի համաձայն՝ «Կենտրոնական բանկի նորմատիվ, ներքին և անհատական իրավական ակտերի գործողությունը գործի ամբողջ դատական քննության ընթացքում չի կարող կասեցվել»:
Վերոգրյալ կարգավորումների առկայությամբ պայմանավորված՝ գտնում ենք, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վարչարարության առանձնահատկություններով պայմանավորված՝ օրենսդիրը Կենտրոնական բանկի կողմից ընդունվող վարչական ակտերը դասել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անհապաղ կատարման ենթակա ակտերի շարքում, ինչը դրսևորվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի կարգավորման նախատեսմամբ:
Ավելին, սույն վարչական ակտի անհապաղ կատարումն անհրաժեշտ է նաև ելնելով հանրային շահերից, քանի որ Գրավատան կողմից թույլ տրված խախտումները և դրանց պարբերականությունը վկայում են այն մասին, որ Գրավատան լիցենզիայի անհապաղ չդադարեցման դեպքում կարող են վտանգվել վերջինիս հաճախորդների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև Գրավատան վարքագիծն առհասարակ կարող է խաթարել ողջ ֆինանսական համակարգի կայունությունը՝ առաջացնելով համակարգային նշանակության խնդիրներ:
Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետով և 397-րդ հոդվածով` Կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի04.2015թ.-ի թիվ 96 Ա որոշմամբ «Մարիուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված (տրման ամսաթիվ՝ 29.04.2015թ.) գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 297 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրավատուն մուտքագրվելու կամ Գրավատան սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան այն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. սեպտեմբերի 1, ք. Երևան