«Կլուժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 215 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 194 Ա
01.09.2017
«Կլուժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 215 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Նկարագրական մաս.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից հայտնաբերվել և 18.07.2017թ. թիվ 160/2 արձանագրությամբ արձանագրվել է «ԿԼՈՒԺ» ՍՊԸ գրավատան (այսուհետ՝ Գրավատուն) կողմից թույլ տրված հետևյալ խախտումը.
17.07.2017 թվականի դրությամբ` Գրավատունը մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ չի ներկայացրել 2017 թվականի ապրիլ ամսվա Ձև Թիվ 1 ամսական հաշվետվությունը, մինչդեռ պետք է ներկայացներ մինչև 25.05.2017 թվականը ներառյալ:
Նկարագրված փաստերը հանգեցնում են «Գրավատների և գրավատանային գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով սահմանված պահանջների խախտմանը:
Պատճառաբանական մաս.
Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության 19.07.2017թ.-ի թիվ 13-22/001578-17 ծանուցմամբ Գրավատանն ուղարկվել է վերը նկարագրված խախտման վերաբերյալ 18.07.2017թ.-ի թիվ 160/2 արձանագրությունը:
Գրավատունը 24.07.2017թ.-ին ստացել է թույլ տրված խախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը, ինչպես նաև տեղեկացել է 16.08.2017թ.-ին Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստում իր կողմից թույլ տրված խախտման քննարկմանը մասնակցելու իրավունքի մասին, առաջարկվել է 7-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր բացատրություններ:
Գրավատունը 7-օրյա ժամկետում գրավոր բացատրություններ կամ առարկություններ չի ներկայացրել Կենտրոնական բանկ:
16.08.2017թ.-ին Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում տեղի են ունեցել 18.07.2017թ.-ի թիվ 160/2 արձանագրությամբ արձանագրված խախտման հիման վրա հարուցված վարույթի լսումներ, որին Գրավատան ներկայացուցիչները չեն ներկայացել (լսումներն արձանագրվել են 16.08.2017թ.-ի թիվ 39 արձանագրությամբ):
Կենտրոնական բանկը 18.07.2017թ.-ի թիվ 160/2 արձանագրության հիման վրա հարուցված պատասխանատվության միջոցի կիրառման վարույթի քննության ընթացքում պարզել է, որ Կենտրոնական բանկի նախագահի 05.05.2017թ. թիվ 1/328Ա որոշմամբ Գրավատան նկատմամբ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետի հիմքով կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցում 10 (տասը) օր ժամկետով, կասեցման համար հիմք հանդիսացող խախտումը Գրավատունը թույլ է տվել սկսած 05.03.2017թ.-ից, որից հետո 1 (մեկ) տարվա ընթացքում (սկսած 05.06.2017թ.-ից) Գրավատունը կրկին թույլ է տվել Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետի հիմքով լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող նոր խախտում, ընդ որում՝ հաշվետվություններն ուշացվել են տևական երկար ժամանակով (18.07.2017թ. թիվ 160/2 արձանագրության բովանդակությունից պարզ է դառնում, որ արդեն արձանագրության կազմման ամսաթվի դրությամբ խախտումը շուրջ երկու ամիս շարունակվել է):
Ավելին, Գրավատունը վերջին երկու տարվա ընթացքում այլ խախտումներ ևս թույլ է տվել, որոնց համար մի դեպքում Կենտրոնական բանկի նախագահի 15.03.2016թ.-ի թիվ 1/147 Ա որոշմամբ Գրավատան նկատմամբ կիրառվել է 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանք, իսկ մեկ այլ դեպքում Կենտրոնական բանկի նախագահի 14.04.2016թ.-ի թիվ 1/242Ա որոշմամբ Գրավատան նկատմամբ կրկին կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցում՝ 10 (տասը) օր ժամկետով:
Նկարագրված փաստական հանգամանքների համակցությամբ՝ Կենտրոնական բանկը 18.07.2017թ.-ի թիվ 160/2 արձանագրությամբ արձանագրված խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելիս հիմք է ընդունել ստորև ներկայացված իրավանորմերը.
Օրենքի 16-րդ հոդվածի դ) կետը, որի համաձայն՝ «Սույն օրենքի խախտման դեպքերում լիազոր մարմինը գրավատների նկատմամբ կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները` դ) լիցենզիայի գործողության դադարեցում»,
Օրենքի 20-րդ հոդվածի 1-րդ մասի դ) կետը, որի համաձայն՝ «Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝
դ) եթե գրավատունը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար»:
Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը հարկ է համարում անդրադառնալ դատական կարգով բողոքարկման դեպքում սույն որոշման կատարման (կասեցման) հարցին:
Նշված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն՝ «1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ 1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման. 2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով, որի համաձայն՝ «Կենտրոնական բանկի նորմատիվ, ներքին և անհատական իրավական ակտերի գործողությունը գործի ամբողջ դատական քննության ընթացքում չի կարող կասեցվել»:
Վերոգրյալ կարգավորումների առկայությամբ պայմանավորված՝ գտնում ենք, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վարչարարության առանձնահատկություններով պայմանավորված՝ օրենսդիրը Կենտրոնական բանկի կողմից ընդունվող վարչական ակտերը դասել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անհապաղ կատարման ենթակա ակտերի շարքում, ինչը դրսևորվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի կարգավորման նախատեսմամբ:
Ավելին, սույն վարչական ակտի անհապաղ կատարումն անհրաժեշտ է նաև ելնելով հանրային շահերից, քանի որ Գրավատան կողմից թույլ տրված խախտումն այնպիսին է, որ զրկում է Կենտրոնական բանկին Գրավատան նկատմամբ հեռակա վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից, ինչը պայմանավորված է Գրավատան կողմից Օրենքով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետում Կենտրոնական բանկ չներկայացնելու հետ: Նշված հանգամանքի առկայությամբ գտնում ենք, որ Գրավատան լիցենզիայի անհապաղ չդադարեցման դեպքում կարող են վտանգվել վերջինիս հաճախորդների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև Գրավատան վարքագիծն առհասարակ կարող է խաթարել ողջ ֆինանսական համակարգի կայունությունը՝ առաջացնելով համակարգային նշանակության խնդիրներ:
Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետով և 397-րդ հոդվածով` Կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 08.2010թ.-ի թիվ 212Ա որոշմամբ «Կլուժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված (տրման ամսաթիվ՝ 21.08.2010թ.) գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 215 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրավատուն մուտքագրվելու կամ Գրավատան սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան այն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. սեպտեմբերի 1, ք. Երևան