«ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 234 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 150 Ա
07.07.2017
«ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 234 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը և 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունիսի 28-ի թիվ 28 արձանագրություն), ինչպես նաև քննարկելով «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 23-ի փողոց, թիվ 56 (առաջին հարկի թիվ 5 սենյակ) և ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Վերին Պտղնի, 5-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 3/2 հասցեներում գտնվող տարածքներում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 234 լիցենզիան (տրված` 10.06.2011թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
2. Սահմանել որ`
- սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,
- «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. հուլիսի 7, ք. Երևան