«ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 191 Ա
 09.11.2018

«ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

«ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև` Ընկերություն) 22.10.2018թ. գրությունով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` ՀՀ, Արարատի մարզ, գ.Արարատ, Գրիբոյեդովի փող. 36/1 առևտրի սրահ և ՀՀ, Արարատի մարզ, գ.Այգավան, Մ.Միրզոյան փողոց 4 հասցեներում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու համար:  

«ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վարկառուներին վնաս պատճառել, մասնավորապես.

  • Վարկավորման պայմանների 2-րդ կետը հակասում է «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գրավատնային գործունեության հասկացությանը:
  • Վարկավորման պայմանների 15-րդ կետով սահմանված տույժի չափը հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջին:
  • Վարկավորման պայմանների 11-րդ կետով նախատեսված է սպասարկման վճարի գանձման դրույք և սահմանված չէ վաղաժամկետ մարման դեպքում սպասարկման վճարները համամասնորեն նվազեցնելու դրույթ, որը սահմանված է «Սպառողների կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ինչպես նաև, «ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ կողմից չի ներկայացվել Գրավատնային գործունեության լիցենզավորման Կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված Գրավատան (ՀՀ, Արարատի մարզ, գ.Այգավան, Մ.Միրզոյան փողոց 4) տարածքի պաշտպանությունը պահպանիչ (անվտանգության) ահազանգման համակարգով ապահովելու մասին հայտատուի և համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «դ» կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ և 6-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 44 արձանագրություն) և քննարկելով «ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ կողմից 22.10.2018թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Մերժել «ՎԻՊ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Արարատ, Գրիբոյեդովի փող. 36/1 առևտրի սրահ և ՀՀ, Արարատի մարզ, գ.Այգավան, Մ.Միրզոյան փողոց 4 հասցեներում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը:
  2. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. նոյեմբերի 9, ք. Երևան