Ա/Ձ Անուշավան Պետրոսյանի գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 184 Ա
09.11.2018
Ա/Ձ Անուշավան Պետրոսյանի գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին
Ա/Ձ Անուշավան Պետրոսյանը 22.10.2018թ. դիմում է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 27/7 բնակելի տարածքով առևտրի տուն հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու համար:
Ա/Ձ Անուշավան Պետրոսյանի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը, այդ թվում՝ Վարկավորման ընդհանուր պայմանները, չեն համապատասխանում «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին: Մասնավորապես՝
- Ա/Ձ Անուշավան Պետրոսյանի (Այսուհետ՝ Հայտատու) կողմից ներկայացված գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման» կարգի (այսուհետ՝ Կարգ) Հավելված 1-ով սահմանված հայտի պահանջներին:
- Հայտատուի վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացվել Կարգի Հավելված 2-ին համապատասխան:
- Հայտատուի կողմից չի ներկայացվել Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված Գրավատան տարածքի՝ անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիրը:
- Հայտատուի կողմից ներկայացված Վարկավորման ընդհանուր պայմանների 4.4 կետում սահմանված տույժի չափը հակասում է քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջին:
- Բացակայում է Կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված՝ գրավատան տարածքը աշխատանքային ժամերին սեփական ուժերով պահպանելու վերաբերյալ հայտարարագիրը (հավելված 4) կամ գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մաuին ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը:
- Կարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայության հետ կնքված պայմանագրում պահպանող օբյեկտի հասցեն նշված է հայտատուի հաշվառման հասցեն:
- Կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված ապահովագրության վկայագիրը կազմված է էական թերություններով (ապահովագրական ծածկույթ, պահպանվող գույքի հասցե, պայմանագրի կողմ), իսկ ապահովագրավճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը բացակայում է:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «դ» կետերը, Կարգի 4-րդ և 6-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 44 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Անուշավան Պետրոսյանի կողմից 22.10.2018թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Մերժել Ա/Ձ Անուշավան Պետրոսյանի կողմից ներկայացված՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 27/7 բնակելի տարածքով առևտրի տուն հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը:
- Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. նոյեմբերի 9, ք. Երևան