«ՍԻԹԻ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված փոխանակման կետի մասնաճյուղերի լիցենզիաներ ստանալու դիմումները մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 179 Ա
15.10.2018
«ՍԻԹԻ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված փոխանակման կետի մասնաճյուղերի լիցենզիաներ ստանալու դիմումները մերժելու մասին
Նկարագրական մաս
«ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն) 10.08.2018թ., 13.08.2018թ., 28.08.2018թ., 11.09.2018թ., 18.09.2018թ., 25.09.2018թ., 26.09.2018թ., 03.10.2018թ. և 04.10.2018թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է (այսուհետ նաև՝ Կենտրոնական բանկ) ներկայացրել Մալաթիա 68, 74 և 68/2 խանութ, Տիգրան Մեծի պողոտա 10 շենք, 14ա, 14բ, 1 և 13 տարածք, Րաֆֆու փողոց 55/1 և Հ. Հովհաննիսյան թաղամաս 24/7 հասցեներում փոխանակման կետի մասնաճյուղերի լիցենզիաներ ստանալու դիմումներ: Ընկերությունը հայտին կից Կենտրոնական բանկ է ներկայացրել Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ով (այսուհետ նաև՝ Կանոնակարգ 10) սահմանված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու համար ներկայացման ենթակա փաստաթղթերը:
Կենտրոնական բանկի աշխատակիցների կողմից իրականացված ստուգման ընթացքում, ինչպես նաև փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել հետևյալը.
- Մալաթիա 68, 74 և 68/2 խանութ հասցեում գտնվող փոխանակման կետի մասնաճյուղի ստուգման արդյունքում պարզվել է, որ տվյալ խանութում առուվաճառք է իրականացնում ոչ թե «ՍԻԹԻ» ՍՊԸ-ն, այլ մեկ ուրիշ իրավաբանական անձ՝ «ՖԵՅՇՆ» ՍՊԸ-ն:
- Ընկերությունը Տիգրան Մեծի պողոտա 10 շենք, 14ա, 14բ, 1 և 13 տարածք, Րաֆֆու փողոց 55/1 և Հ. Հովհաննիսյան թաղամաս 24/7 հասցեներում դիմել է որպես խանութում փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու վերաբերյալ, սակայն նշված հասցեներում գտնվող տարածքները՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակված հաշվառված անձանց ցանկերի, հանդիսանում են առևտրի կենտրոններ: Նշենք, որ տվյալ տարածքների մակերեսները չեն համապատասխանում Կանոնակարգ 10-ով սահմանված առևտրի կենտրոններին ներկայացվող պահանջներին (փոխանակման կետերը կարող են արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնել առնվազն 2000 ք. մ. տարածքով փակ (ոչ բացօթյա) առևտրի կենտրոնում):
Պատճառաբանական մաս
Վերը նշված թերությունների ամփոփման արդյունքում կարելի է եզրակացնել, որ «ՍԻԹԻ» ՍՊԸ փոխանակման կետի մասնաճյուղերի տարածքային և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող նվազագույն պահանջները չեն համապատասխանում Կանոնակարգ 10-ի 58-րդ կետի 2-րդ ենթակետով և 60-րդ կետով սահմանված պահանջներին։
Համաձայն Կանոնակարգ 10-ի 10-րդ կետի՝ Կենտրոնական բանկի խորհուրդը փոխանակման կետի մասնաճյուղերի լիցենզիա ստանալու դիմումը մերժելիս հիմք է ընդունում ստորև նկարագրված իրավական հիմքերը՝
- ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին,
- լիցենզավորվող անձը կամ աշխատակիցը (աշխատակիցները) օրենքի (իրավաբանական անձի համար՝ նաև կանոնադրության) ուժով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունք չունի զբաղվել արտարժույթի առուվաճառքով,
- աշխատակիցը (աշխատակիցները) չունի մասնագիտական որակավորման վկայական կամ սույն կանոնակարգի 21-րդ կետով սահմանված դեպքում չի ստացել որակավորման վկայական,
- դրամարկղային տարածքը և տեխնիկական հագեցվածության պայմանները չեն համապատասխանում սույն կանոնակարգով սահմանված պահանջներին:
Եզրափակիչ մաս
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 10-րդ կետի 4-րդ ենթակետը, ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 40 արձանագրություն) և հաշվի առնելով «ՍԻԹԻ» ՍՊԸ-ի 10.08.2018թ., 13.08.2018թ., 28.08.2018թ., 11.09.2018թ., 18.09.2018թ., 25.09.2018թ., 26.09.2018թ., 03.10.2018թ. և 04.10.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Մերժել ՀՀ, ք. Երևան, Մալաթիա 68, 74 և 68/2 խանութ հասցեում փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու դիմումը:
- Մերժել ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 10 շենք, 14ա, 14բ, 1 և 13 տարածք հասցեում փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու դիմումը:
- Մերժել ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու փողոց 55/1 հասցեում փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու դիմումը:
- Մերժել ՀՀ, ք. Երևան, Հ. Հովհաննիսյան թաղամաս 24/7 հասցեում փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու դիմումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. հոկտեմբերի 15, ք. Երևան