Ա/Ձ Արմենուհի Առաքելյան գրավատան թիվ ԳԳ-Ե268 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու (լիցենզիայի գործողությունը դադարեցնելու) մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 151 Ա
 31.08.2018

Ա/Ձ Արմենուհի Առաքելյան գրավատան թիվ ԳԳ-Ե268 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու (լիցենզիայի գործողությունը դադարեցնելու) մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից հայտնաբերվել և 23.07.2018 թվականին թիվ 203/1 արձանագրությամբ արձանագրվել է Ա/Ձ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ գրավատան (այսուհետ՝ Գրավատուն) կողմից թույլ տրված հետևյալ խախտումները.

Նկարագրական մաս    

  1. Գրավատան կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված 28.02.2018 թվականի ձև թիվ 1 ամսական հաշվետվության՝ «Ապահովագրական գումարի չափը» սյան, 1-ից 28-ը՝ «հաշվետու ամսվա հերթական օրը» տողերը լրացվել է 0, մինչդեռ պետք է լիներ 10.000 (20.10.2017 թվականին կնքված N PC/420396 հրդեհից և այլ վտանգներից գույքի ապահովագրության վկայագիր):
    Նկարագրված փաստերը հանգեցնում են «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված և ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգ»-ի 7-րդ կետով սահմանված պահանջների խախտմանը:
  2. Գրավատան կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված 31.12.2017 թվականի Ձև Թիվ 2 եռամսյակային հաշվետվության 2-րդ էջի 4-րդ՝ «հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ» սյան, 1-ից 6-րդ տողերը լրացված են, այն դեպքում, երբ գրավատան կողմից միակ կնքված վարկային պայմանագիրը գործող է եղել մինչև 20.12.2017թ: (20.09.2017 թվականին կնքված թիվ 14 վարկային պայմանագիր):
    Նկարագրված փաստերը հանգեցնում են «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված և ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգ»-ի 8-րդ կետով սահմանված պահանջների խախտմանը:

Պատճառաբանական մաս.

Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 25.07.2018 թվականի թիվ 13-22/001532-18 ծանուցմամբ Գրավատանն ուղարկվել է արձանագրված խախտումների վերաբերյալ 23.07.2018 թվականի թիվ 203/1 արձանագրությունը և տեղեկացվել է, որ 15.08.2018 թվականին Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին քննարկվելու է Գրավատան կողմից թույլ տրված խախտումների հարցը, որին վերջինս կարող է մասնակցել, ներկայացնել բացատրություններ:

Գրավատունը 06.08.2018 թվականին ստացել է վերը նշված արձանագրությունը, որի վերաբերյալ 13.08.2018թ.-ին գրությամբ հայտնել է, որ խախտումները դիտավորությամբ չեն թույլ տրվել, վերջիններս եղել են անփութության հետևանք և խնդրել է ներողամիտ լինել՝ ներկայացնելով հաշվետվությունների ճշգրտված տարբերակները:

Գրավատան ներկայացուցիչները չեն մասնակցել 15.08.2018 թվականին կայացած Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին (15.08.2018 թվականի թիվ 32 արձանագրություն), որտեղ քննարկվել է 23.07.2018 թվականի թիվ 203/1 արձանագրությամբ արձանագրված խախտման հարցը:

Պատժամիջոցի կիրառման իրավական և փաստական հիմքերը.

Գրավատան նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելիս հիմք են ընդունվել ստորև նշված իրավանորմերը և փաստական հանգամանքները:

«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, համաձայն որի

«Սույն օրենքի խախտման դեպքերում լիազոր մարմինը գրավատների նկատմամբ կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի գործողության դադարեցում:

Համաձայն «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ժբ» կետի՝

«Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե գրավատունը`

«ժբ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված հաշվետվություններում ներկայացված տվյալներում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ)` 30 000 դրամի չափով»:

Համաձայն «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետի՝

 Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝

գ) եթե գրավատունը սույն օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

Կենտրոնական բանկը սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումը թույլ տալու համար պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առել ներքոհիշյալ  հանգամանքները.

  • Գրավատան նկատմամբ Կենտրոնական բանկի նախագահի 19.05.2016թ. թիվ 1/347Ա որոշմամբ գրավատնային գործունեությունը կարգավորող իրավական ակտերի մի շարք պահանջների խախտման, մասնավորապես սխալ հաշվետվություն ներկայացնելու համար կիրառվել է տուգանք` 000 (հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
  • Վերը հիշատակված որոշմանը հաջորդել են 23/08/2017 թիվ 1/679Ա և 01.2018թ. թիվ 1/02Ա որոշումները, որոնցով նույն հիմքերով գրավատունը նորից տուգանվել է համապատասխանաբար 530.000 (հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ և 555.000 (հինգ հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ գումարների չափով:
  • Գրավատունը 19.05.2016թ.-ի թիվ 1/347Ա որոշումից հետո երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում, այն է` ընկերության կողմից արձանագրված խախտումները թույլ են տրվել համապատասխանաբար 28.02.2018 թվականին ձև թիվ 1 ամսական հաշվետվությամբ և 31.12.2017 թվականի Ձև Թիվ 2 եռամսյակային հաշվետվությամբ 2-րդ էջի 4-րդ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումները կարող են վտանգել հանրային, մասնավորապես՝ ֆինանսական համակարգում սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև Գրավատան վարքագիծը կարող է խաթարել ֆինանսական կայունությունը ու համակարգային նշանակություն ունենալ, Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ պատասխանատվության միջոցի կիրառումը պետք է հանդիսանա անհապաղ կատարման ենթակա գործողություն անկախ այն բողոքարկվելուց:

Հիմք ընդունելով վերոգրյալ փաստերը և իրավանորմերը, հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի օգոստոսի 15-ի թիվ 32 արձանագրություն) և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.7-րդ  հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Ուժը կորցրած ճանաչել (դադարեցնել) Ա/Ձ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե268 լիցենզիայի գործողությունը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Ա/Ձ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:   
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ հանձնելու պահից:
  4. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. օգոստոս 31, ք. Երևան