«ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 121 Ա
 20.07.2018

«ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

«ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև` Ընկերություն) 09.07.2018թ. դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Մ. Բաղրամյան 53 հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու համար:  

  • Ընկերության կողմից չի ներկայացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գրավատան տարածքի սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը և համապատասխան պայմանագիրը:

Փոխարենը՝ ներկայացվել է Ընկերության տնօրենին (մասնակցին) սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Մ. Բաղրամյան 53 հասցեում գտնվող տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը (Արթուր Հովսեփյանի հետ համատեղ սեփականությամբ):

  • Ընկերության կողմից չի ներկայացվել Կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված Գրավատան տարածքի պաշտպանությունը պահպանիչ (անվտանգության) ահազանգման համակարգով ապահովելու մասին հայտատուի և համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը:
  • Ընկերության կողմից չի ներկայացվել Կարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենն առ այն, որ Գրավատան հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը միացված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը:
  • Ընկերության կողմից չի ներկայացվել Կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորությունների բացակայության վերաբերյալ:
  • Ընկերության կողմից ներկայացված գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու դիմումը չի համապատասխանում Կարգի Հավելված 1-ով սահմանված հայտի պահանջներին:
  • Հայտատուի վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացվել Կարգի Հավելված 2-ին համապատասխան:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, Կարգի 4-րդ և 6-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հուլիսի 18-ի թիվ 28 արձանագրություն) և քննարկելով «ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Մերժել «ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Մ. Բաղրամյան 53 հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը:
  2. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. հուլիսի 20, ք. Երևան