«ԱՐՏ 555» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 111 Ա
 06.07.2018

«ԱՐՏ 555» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին

Նկարագրական մաս.

«Արտ 555» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն) 04.05.2018թ., 11.05.2018թ., 18.05.2018թ., 24.05.2018թ. և 11.06.2018թ.-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) է ներկայացրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմում: Ընկերությունը հայտին կից Կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ով (այսուհետ նաև՝ ԿԲ կանոնակարգ 10) սահմանված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու համար ներկայացման ենթակա փաստաթղթերը:

ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների կողմից 21.05.2018թ. և 22.06.2018թ. իրականացվել են փոխանակման կետի տարածքի ու տեխնիկական հագեցվածության համապատասխանության ստուգումներ: 21.05.2018թ. ստուգման արդյունքում պարզվել է, որ առկա են որոշ թերություններ։ Մասնավորապես՝

  • տարածքի 2-րդ հարկը (277.72 ք/մ), որը Ընկերությունը ներկայացրել է որպես սպասարկման սրահի բաղկացուցիչ մաս, գտնվում է կիսակառույց վիճակում։ Ընկերությունը հավաստիացրեց, որ 2-րդ հարկում իրականացնում է մեծածախ առևտրային գործունեություն (առկա էր հսկիչ դրամարկղային մեքենա, իսկ ապրանքները ցուցադրված էին հատակին),
  • փոխանակման կետը սարքավորված էր տեսագրման և ձայնագրման համակարգերով, սակայն ձայնագրությունները լսելի չէին,
  • շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգի ստուգման արդյունքում պարզվեց, որ ազդակը չի հասնում «911» ծառայությանը։ Բացակայում էր նաև ազդարարման շչակը։

Ընկերությունը 24.05.2018թ.-ի գրությամբ խնդրել է իր կողմից ներկայացված լիցենզիայի ստացման դիմումին ընթացք չտալ, այնուհետև 11.06.2018թ.-ին դիմել է Կենտրոնական բանկ ներկայացված դիմումի ընթացքը վերսկսելու վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ փոխանակման կետի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են ԿԲ կանոնակարգ 10-ով սահմանված պահանջներին։

22.06.2018թ.-ին կրկին իրականացված ստուգման արդյունքում պարզվեց, որ

  • ձայնագրությունները ինչպես նախկինում՝ նույնպես լսելի չէին և շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգի տագնապի ազդակը նույնպես չէր հասնում «911» ծառայությանը։ Բացակայում էր նաև ազդարարման շչակը։
  • Երկրորդ հարկում առևտուր չէր իրականացնում, բացակայում էին հսկիչ դրամարկղային մեքենան, կշեռքը և սպասարկող աշխատակիցները, որը վկայում է այն մասին, որ նախկին տեղեկատվությունը անարժանահավատ էր։
  • Խանութը առևտուր էր իրականացնում տարածքի միայն առաջին հարկում (մոտ 260 ք/մ), որի մակերեսը չի համապատասխանում ԿԲ կանոնակարգ 10-ով սահմանված պահանջներին (600ք/մ և 400ք/մ սպասարկման սրահ)։

Պատճառաբանական մաս.

Սույն որոշման նկարագրական մասում նշված գործընթացների արդյունքում ձեռք բերված փաստերի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ «Արտ 555» ընկերության փոխանակման կետի դրամարկղային տարածքը և տեխնիկական հագեցվածության պայմանները չեն համապատասխանում ԿԲ կանոնակարգ 10-ի գլուխ 8-ի 60-րդ, 67-րդ և 78-րդ կետերով սահմանված պահանջներին։

Եզրափակիչ մաս.

Հաշվի առնելով վերոգրյալ փաստերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հունիսի 27-ի թիվ 25 արձանագրություն), հիմք ընդունելով «ԿԲ կանոնակարգ 10»-ի 10-րդ կետի 4-րդ ենթակետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով՝  Կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Մերժել «Արտ 555» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. հուլիսի 6, ք. Երևան