Ա/Ձ Լիաննա Դանիելյանի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 131 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 27 Ա
 02.03.2018

Ա/Ձ Լիաննա Դանիելյանի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 131 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Նկարագրական մաս.

ՀՀ քաղաքացի Լիաննա Դանիելյանը (անձնագիր՝ AM0201650) 01.01.2018թ.-ին մահացել է (հիմք՝ Բնակչության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից 20.02.2018թ. արտատպված քաղվածք):

Լիաննա Դանիելյանը (անձնագիր՝ AM0201650) Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր՝ 23.03.2011թ.-ից և դեռևս հաշվառումից հանված չէ:

Կենտրոնական բանկի խորհրդի 15.02.2008թ. թիվ 48Ա որոշմամբ Ա/Ձ Լիաննա Դանիելյանին տրամադրվել է գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե131 լիցենզիան (տրված՝ 10.03.2008թ.):

Պատճառաբանական մաս

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ֆիզիկական անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակությունն ու գործունակությունը ծագում են նրա պետական հաշվառման պահից և դադարում են այդ ֆիզիկական անձի իրավունակության կամ գործունակության դադարման, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից»,

միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ»:

Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությամբ եզրակացնում ենք, որ ֆիզիկական անձի մահը հանգեցնում է անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման: Սույն դեպքում՝ Լիաննա Դանիելյանի մահը հանգեցրել է Ա/Ձ Լիաննա Դանիելյանի գործունեության դադարեցմանը:

«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետի համաձայն՝ «1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝ ե) գրավատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու դեպքերում»:

Եզրափակիչ մաս

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և 2-րդ պարբերությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի փետրվարի 28-ի թիվ 8 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

  1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Լիաննա Դանիելյանի՝ ՀՀ, ք. Երևան, Պարոնյան 9, թիվ 41 և ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք համայնք, Գյուլիքեխվյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող թիվ 4 գործարան հասցեներում գտնվող տարածքներում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 131 լիցենզիան (տրված` 03.2008թ.)՝ պայմանավորված Լիաննա Դանիելյանի մահվամբ:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. մարտի 2, ք. Երևան