«ԹՐԵՅԴԵՐ» ՍՊԸ գրավատան թիվ ԳԳ-Ե 206 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու (լիցենզիայի գործողությունը դադարեցնելու) մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 201 Ա
 20.12.2019

«ԹՐԵՅԴԵՐ» ՍՊԸ գրավատան թիվ ԳԳ-Ե 206 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու
 (լիցենզիայի գործողությունը դադարեցնելու)
մասին

Նկարագրական մաս.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության կողմից հեռակա վերահսկողության արդյունքում հայտնաբերվել և 25.10.2019 թվականի թիվ 152/02 արձանագրությամբ արձանագրվել է «ԹՐԵՅԴԵՐ» ՍՊԸ գրավատան (այսուհետև՝ նաև Գրավատուն) կողմից թույլ տրված հետևյալ խախտումը.

Գրավատան կողմից չի իրականացվել գրավ ընդունած շարժական գույքի ապահովագրություն (հիմք՝ 2019թ. հունիս և հուլիս ամիսների ամսական հաշվետվություններ):

Նշվածը հանգեցնում է «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետի խախտմանը:

Պատճառաբանական մաս.

Արձանագրված խախտման վերաբերյալ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 28.10.2019 թվականի թիվ 13-22/002837-19 ծանուցմամբ Գրավատանն ուղարկվել է խախտման` 25.10.2019թվ. թիվ 152/02 արձանագրությունը:

Գրավատունը 01.11.2019 թվականին ստացել է վերը նշված ծանուցումը և տեղեկացել, որ 20.11.2019 թվականին Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին քննարկվելու է Գրավատան կողմից թույլ տրված խախտման հարցը, որին վերջինս կարող է մասնակցել, ներկայացնել բացատրություններ:

Գրավատունը արձանագրությամբ արձանագրված խախտման մասին որևէ դիրքորոշում չի ներկայացրել:       

Գրավատան ներկայացուցիչները չեն մասնակցել 20.11.2019 թվականին կայացած Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին (20.11.2019 թվականի թիվ 52 արձանագրություն), որտեղ քննարկվել է 25.10.2019 թվականի թիվ 152/02 արձանագրությամբ արձանագրված խախտման հարցը:

Կենտրոնական բանկը սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումը թույլ տալու համար պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առել ներքոհիշյալ  հանգամանքները.

Կենտրոնական բանկի նախագահի 14.10.2019թ. թիվ 1/764Ա որոշման համաձայն ` «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)  6-րդ հոդվածի 1-ին մասի է) ենթակետով նախատեսված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը չվճարելու համար Գրավատան նկատմամբ կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցում մինչև 14.06.2019-14.06.2020թթ. հերթական տարեկան պետական տուրքի վճարումը, բայց ոչ պակաս, քան 6 (վեց) ամիս:

Այնուհետև, լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացող նշված խախտումը թույլ տալուց հետո արձանագրվել է լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացող Գրավատան կողմից թույլ տրված երկրորդ խախտումը, այն է՝ Գրավատան կողմից չի իրականացվել գրավ ընդունած շարժական գույքի ապահովագրություն: Իսկ Գրավատան կողմից մեկ տարվա ընթացքում լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացող խախտում կրկին թույլ տալը հանգեցնում է լիցենզիայի գործողության դադարեցման՝ համաձայն Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետի:

Կենտրոնական բանկը փաստում է, որ տարեկան պետական տուրքի վճարումը մինչ այժմ կատարված չէ և նշված խախտումների վերաբերյալ Գրավատան կողմից որևէ դիրքորոշում չներկայացնելը և նիստերին չմասնակցելը վկայում են այն մասին, որ Գրավատունը դրսևորում է անգործություն, շահագրգրված չէ վերականգնել և շարունակել իր բնականոն  գործունեությունը:

Այս պարագայում «ԹՐԵՅԴԵՐ» ՍՊ ընկերության՝ Գրավատնային գործունեության լիցենզիա ունենալը կարող է բացասաբար ազդել ֆինանսական համակարգի վրա: Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ պատասխանատվության միջոցի կիրառումը պետք է հանդիսանա անհապաղ կատարման ենթակա գործողություն՝ անկախ այն բողոքարկելու հանգամանքից:

Գրավատան նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելիս հիմք են ընդունվել ստորև նշված իրավանորմերը.

«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի դ) կետը, համաձայն որի՝ «1. Լիազոր մարմինը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը՝ դ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ», «ը.1» կամ «թ» ենթակետերի պահանջը»:

Օրենքի 16-րդ հոդվածի դ) կետը, որի համաձայն՝  «Սույն օրենքի խախտման դեպքերում լիազոր մարմինը գրավատների նկատմամբ կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները` դ) լիցենզիայի գործողության դադարեցում: Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ժդ) կետը, որի համաձայն՝ « 1. Լիազոր մարմինը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը՝  ժդ) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում»:

Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը, որի համաձայն՝ «1.Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝ եթե գրավատունը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար»:

Հիմք ընդունելով վերոգրյալ փաստերը և իրավանորմերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 52 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.7-րդ  հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Ուժը կորցրած ճանաչել (դադարեցնել) «ԹՐԵՅԴԵՐ» ՍՊ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե206 լիցենզիայի գործողությունը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ «ԹՐԵՅԴԵՐ» ՍՊ ընկերության հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:   
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրավատուն մուտքագրվելու կամ Գրավատան սահմանած կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
  4. Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել վարչական դատարան՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  5. Սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 20, ք. Երևան