«ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան թիվ NԳԳ-Ե331 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու (լիցենզիայի գործողությունը դադարեցնելու) մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 96 Ա
19.07.2019
«ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան թիվ NԳԳ-Ե331 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու (լիցենզիայի գործողությունը դադարեցնելու) մասին
Նկարագրական մաս.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից հայտնաբերվել և 20.05.2019 թվականի թիվ 263/02 արձանագրությամբ արձանագրվել է «ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան (այսուհետ՝ Գրավատուն) կողմից թույլ տրված հետևյալ խախտումը.
Գրավատան կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացված 2019թ-ի փետրվար ամսվա Ձև թիվ 1 հաշվետվության 2-րդ՝ «Գրավի առարկաների գնահատված արժեքը» սյան 8-12-րդ տողերում արտացոլված թվերը գերազանցում են 5-րդ՝ «Ապահովագրական գումարի չափը» սյան համապատասխան տողերում արտացոլված թվերին, այն է՝ 2019թ-ի փետրվարի 8-ից 12-ը ընկած ժամանակահատվածում գրավատանն առկա գրավի առարկաների գնահատված արժեքը գերազանցել է տվյալ օրերի դրությամբ գրավ ընդունած գույքի ապահովագրական գումարի չափը, ուստի որոշ գրավի առարկաներ այդ օրերին չեն ունեցել գույքի ապահովագրություն:
Նկարագրված փաստը հանգեցնում է «Գրավատների և Գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դ) ենթակետով սահմանված պահանջի խախտմանը:
Պատճառաբանական մաս.
Արձանագրված խախտման վերաբերյալ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 24.05.2019 թվականի թիվ 13-22/001378-19 ծանուցմամբ Գրավատանն ուղարկվել է խախտման` 20.05.2019 թվականի թիվ 263/02 արձանագրությունը:
Գրավատունը 29.05.2019 թվականին ստացել է վերը նշված ծանուցումը և տեղեկացել, որ 26.06.2019 թվականին Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին քննարկվելու է Գրավատան կողմից թույլ տրված խախտման հարցը, որին վերջինս կարող է մասնակցել, ներկայացնել բացատրություններ:
Գրավատունը 04.06.2019 թվականի գրությամբ հայտնել է, որ խախտումը տեղի է ունեցել հաշվապահի անփորձության պատճառով և տեղեկացրել, որ խախտումները արդեն վերացվել են:
Գրավատան ներկայացուցիչները չեն մասնակցել 26.06.2019 թվականին կայացած` Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին (26.06.2019 թվականի թիվ 27 արձանագրություն), որտեղ քննարկվել է 20.05.2019 թվականի թիվ 263/02 արձանագրությամբ արձանագրված խախտման հարցը:
Գրավատան նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելիս հիմք են ընդունվել ստորև նշված իրավանորմերը և փաստական հանգամանքները:
«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, համաձայն որի
«Սույն օրենքի խախտման դեպքերում լիազոր մարմինը գրավատների նկատմամբ կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները`
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական,
բ) տուգանք,
գ) լիցենզիայի գործողության կասեցում,
դ) լիցենզիայի գործողության դադարեցում:
Համաձայն «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի՝
Լիազոր մարմինը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը՝
դ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ» կամ «թ» ենթակետերի պահանջը:
Համաձայն «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետի՝
Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝
դ) եթե գրավատունը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար:
Կենտրոնական բանկը սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումը թույլ տալու համար պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առել ներքոհիշյալ հանգամանքը.
ՀՀ կենտրոնական բանկի 22.04.2019թ. թիվ 1/243 որոշմամբ «ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան նկատմամբ «Գրավատների և Գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման համար, այն է՝ Գրավատունը 10 օրից ավելի ուշացումով է ներկայացրել 2018թ. դեկտեմբեր ամսվա համար կազմված հաշվետվությունները, կիրառվել է լիցենզիայի կասեցում 5 օր ժամկետով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման նկարագրական մասում նկարագրված խախտումները կարող են վտանգել հանրային, մասնավորապես՝ ֆինանսական համակարգում սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև Գրավատան վարքագիծը կարող է խաթարել ֆինանսական կայունությունը ու համակարգային նշանակությունն ունենալ, Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ պատասխանատվության միջոցի կիրառումը պետք է հանդիսանա անհապաղ կատարման ենթակա` անկախ դրա բողոքարկումից: Բացի այդ, սույն որոշման անհապաղ կատարումը բխում է նաև «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածից, համաձայն որի Կենտրոնական բանկի նորմատիվ, ներքին և անհատական իրավական ակտերի գործողությունը գործի ամբողջ դատական քննության ընթացքում չի կարող կասեցվել:
Հաշվի առնելով վերոգրյալ փաստերը և իրավանորմերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունիսի 26-ի թիվ 27 արձանագրություն), հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.7-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել (դադարեցնել) «ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ NԳԳ-Ե331 լիցենզիայի գործողությունը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ «ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան հետ վարկային և պահատվության պայմանագրեր կնքած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀՕՍ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատանը հանձնելու պահից:
- Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2019 թ. հուլիսի 19, ք. Երևան